ԱՄՆ-ում Էրդողանի այցի ընթացքում խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու համար երկու թուրք է ձերբակալվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մայիսի 16-ին ԱՄՆ կատարած այցի ընթացքում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու գործով ԱՄՆ իրավապահները մեղադրանք կառաջադրեն Էրդողանի անվտանգության տասնյակ աշխատակիցների: «Նյու Յորք թայմս»-ը հայտնում է, որ ԱՄՆ և Կանադայի երկուական քաղաքացիների արդեն իսկ մեղադրանք առաջադրվել է՝ հարձակմանն ու բռնությանը մասնակցելու համար: Միացյալ Նահանգների քաղաքացիներ Սինան Նարինը` Վիրջինիայից, և Էյուփ Յըլդըրըմը՝ Նյու Ջերսիից, ձերբակալվել են: Նարինը, ըստ «Նյու Յորք թայմս»-ի, մեղադրվում է ծանր հանցագործություն կատարելու մեջ, իսկ Յըլդըրըմի դեմ մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով:
Ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցը նշում է, որ դեպքից մոտ մեկ ամիս անց մեղադրանքների առաջադրումը նշանակալի պատասխան քայլ է ԱՄՆ իշխանությունների կողմից. հարձակումը բռնություն էր ինչպես ԱՄՆ-ում խոսքի ազատության դեմ, այնպես էլ իրավապահ համակարգի:
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ ձերբակալվածները Թուրքիայի նախագահի թիկնազորի անդամ չեն, նրանք ԱՄՆ քաղաքացի թուրքեր են:
Միացյալ Նահանգների իրավապահ համակարգի պաշտոնյան, ով չի ցանկացել հրապարակել անունը, հայտնել է, որ ոստիկանությունը պարզել է ծեծկռտուքի 42 մասնակիցներից 34-ի ինքնությունը, և չի բացառվում, որ առաջիկայում լինեն նոր ձերբակալություններ: Էրդողանի այցի ժամանակ Թուրքիայի դեսպանի առանձնատան մոտ բռնության զոհ էր դարձել 11 մարդ, այդ թվում` մեկ ոստիկան: Դեպքից հետո տարածված տեսանյութում երևում էր, որ Էրդողանը իրադարձությունների զարգացմանը հետևել էր դեսպանատան մերձակայքում կայանված ծառայողական մեքենայից: Իսկ նրա կողքին կանգնած անվտանգության աշխատակիցն անձամբ էր տվել հարձակման հրամանը: