Դավիթ Լոքյանը ցանկանում է որդուն թաղապետ դարձնել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը հունիսի 16-ին ավագանու նիստում կհաստատի հաստիքացուցակը, կպահպանվեն բոլոր հաստիքները, դրանից հետո միայն նորընտիր քաղաքապետը վերանշանակումներ կամ նոր նշանակումներ կանի:
Մեր տեղեկություններով, հնարավոր է թաղապետի պաշտոնին հրաժեշտ տա Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը: Չի բացառվում, որ նրան տեղափոխեն քաղաքապետարան եւ նշանակեն աշխատակազմի ղեկավար-քարտուղար՝ Սերգեյ Մակարյանի փոխարեն, իսկ վերջինիս՝ քաղաքապետի խորհրդական: Ի դեպ, չի բացառվում նաև, որ փոխվի Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Վարդանյանը՝ Լիդերը, որը նախկինում աշխատել է ՀՀ ոստիկանությունում, ՌՈ-ում, Գլխավոր դատախազությունում: Նա ԱԺ ընտրություններին հօգուտ ՀՅԴ-ի հավաքել էր 1117 քվե, իսկ Երևանում ՀՅԴ ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ ձայնը ստացել է Դավիթ Լոքյանի որդի Սերգեյ Լոքյանը՝ 2 հազար 524 քվե (Երեւանի Ավան, Նոր Նորք վարչական շրջաններ):
Կան տեղեկություններ, որ հայրը ցանկանում է որդուն թաղապետ դարձնել: Հաշվի առնելով նրա մտերիմ հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ, լավատեղյակները նման հեռանկարը չեն բացառում: Ի դեպ, իր պաշտոնին վերադառնալու մասին է երազում նաև Արաբկիրի նախկին թաղապետ Հրայր Անտոնյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։