«Մենք պետք է վստահ լինենք, որ բանակցային նոր գործընթացն Ադրբեջանը չի օգտագործելու հերթական պատերազմին մասնակցելու համար»

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի, մասնավորապես՝ այն մասին, թե հիմա ի՞նչ կարող է Հայաստանն ակնկալել նրանցից։

«Մենք տեսնում ենք, որ Մինսկի խումբը բավականին ետ է մնում այն իրավիճակից, որ իրականում կա սահմանում, և դիվանագիտական լեզուն, մեծ հաշվով, վերացել է այդ իրականությունից»,- ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ սա հասկանալի է. նրանք միջնորդներ են և, ըստ էության, մեծ ազդեցության գործիքներ էլ չունեն՝ որպես ինստիտուտ, բայց այն, որ փորձում են նոր նախաձեռնություններ անել, գոնե պահպանել հանդիպումների դինամիկան, ընթացքը, ստեղծել հակամարտության համապատասխան ընկալման ֆոն միջազգային հարթակներում և ժամանակ առ ժամանակ զեկուցել իրենց երկրների ղեկավարներին իրավիճակի և ռիսկերի մասին, բանախոսի գնահատմամբ՝  բավական մեծ քայլ է։

«Այստեղ հիմնական խնդիրը ոչ թե Մինսկի խմբի հետ է կապված, այլ Ադրբեջանի քաղաքականության հետ, որը ելնելով իր ներքին և արտաքին բազում խնդիրներից՝ փորձում է կոնֆլիկտը դիտարկել՝ որպես այդ խնդիրները լուծելու ռեսուրս, ըստ էության, դա նրանց դեռ հաջողվում է։ Բայց բոլոր դեպքերում պետք է ամեն ինչ անել, որ Ադրբեջանի իշխանությունները կոնֆիկտը որպես  ֆինանսական, տնտեսական, սոցիալական խնդիրները լուծելու ռեսուրս չդիտարկեն և ստիպված լինեն հրաժարվելու այդ տարբերակից»,- նկատեց պարոն Մելիք-Շահնազարյանը։

Նրա գնահատմամբ՝  իրականությունն այն է, որ թե՛ Ուկրաինայում, թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Իրանի՝ պատժամիջոցներից դուրս գալու այդ գործընթացից հետո և ընդհանրապես, Թուրքիայի ներքին զարգացումները բավականին պղտոր ջուր են ստեղծել ամբողջ տարածաշրջանում:

«Այստեղ ձուկ որսալը, ինչպես գիտեք, ավելի հեշտ է, և դրանով էլ զբաղվում են ադրբեջանցիները։ Ամեն պահ օգտվում են անուշադրությունից և փորձում են դա խաղարկել։ Այս պարագայում հույսը պետք է դնել ոչ թե Մինսկի խմբի վրա, այլ պետք է լրացուցիչ ակնկալիքներ չունենալ նրանցից և մշակել մեխանիզմներ, որոնք Ադրբեջանին ուղղակի կստիպեն զերծ մնալ այդ մարտավարությունից»,- նկատեց բանախոսը։

Հարցին՝ արդյո՞ք Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո պետք է սպասել Մինսկի խմբի 3-րդ հանդիպմանը, Հ. Մելիք-Շահնազարյանը պատասխանեց.

«Չգիտեմ՝ 3-րդ հանդիպում կլինի՞, թե՞ ոչ, բայց փաստն այն է, որ հայկական կողմը նախապայմաններ է առաջ քաշել բանակցությունները շարունակելու համար, և դրանք վերաբերում են վստահության մթնոլորտի ձևավորմանը։ Այսինքն՝ մենք պետք է վստահ լինենք, որ բանակցային նոր գործընթացն Ադրբեջանը չի օգտագործելու հերթական պատերազմին մասնակցելու համար։ Այն ինչ քննարկվել և որոշվել է Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, հետո նաև քննարկվում է արդեն դիվանագիտական խողովակներով. դա արդեն վստահության խողովակների մշակումն ու ներդրումն է»։

Քաղաքագետի համոզմամբ՝ պետք է հասնենք նրան, որ Ադրբեջանին պահանջ ներկայացվի՝ կատարելու Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Օրինակ, չկրակել սահմանին, և այլն. այսինքն՝ հարցեր, որոնք, ես գրեթե վստահ եմ, որ, այսպես թե այնպես, չեն լուծվելու. դրա համար խոսել հաջորդ  հանդիպման մասին, թերևս, անիմաստ է։ Պետք է  Ադրբեջանի կողմից լինի այդ ցանկությունը՝ այս քայլերը կատարելու, իսկ եթե չկա ցանկություն, պետք է հասնել նրան, որ դա պարտադրվի Ադրբեջանին։ Սա է ակնկալիքը. ինչքանով է սա իրատեսական՝ հարցի այլ կողմն է, որովհետև հենց նույն Ռուսաստանը, Ֆրանսիան ունեն այլ խնդիրներ և չեն կենտրոնանալու Ադրբեջանին զսպելու գործընթացի մեջ, հատկապես, որ, ըստ էության, այդ խնդիրը հայկական կողմը լուծում է»,- ասաց նա։

Հ. Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ՝ այս տարվանից կարելի է սպասել ինֆորմացիոն պատերազմի մեծացում հայկական կողմի և Ադրբեջանի միջև։ «Ադրբեջանում որոշել են, այնուամենայնիվ, չհրաժարվել ո՛չ խաղաղության պլատֆորմից, ո՛չ իրենց քարոզչությունից, թե ամեն պահ կարող են ռազմական ճանապարհով խնդիրը հոգուտ իրենց լուծել»,- նկատեց բանախոսը։

Ռոզա Հակոբյան

Տեսանյութեր

Լրահոս