Բաժիններ՝

«ԱՄՆ­-ը, դուրս գալով կլիմայի համաձայնագրից, կորցնում է պատմական հնարավորությունը». Եվրախորհրդարան

Եվրամիությունը հավատարիմ է մնում կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրին, մինչդեռ ԱՄՆ-­ը կորցնում է պատմական հնարավորությունը՝ դուրս գալով դրանից: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին:

«Կլիմայի փոփոխությունը ոչ թե եվրոպական, այլ գլոբալ խնդիր է: Համաձայնագիրն ուժի մեջ է մնում, իսկ ԱՄՆ-­ը կորցնում է պատմական հնարավորությունը»,­-ասել է նա: Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան­Կլոդ Յունկերը Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ ԵՄ­ՉԺՀ գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանն ընդգծել է Փարիզի համաձայնագրի կատարման կարեւորությունը: «Մենք չենք կարող հետ շրջել կլիմայի վերաբերյալ համաձայնագրի ընթացքը»,­-հայտարարել է
նա:

Եվրոպացի վերլուծաբանները նշում են, որ եթե ԱՄՆ-­ից հետո Փարիզի համաձայնագրի կատարումից հրաժարվի նաեւ Չինաստանը, ապա այն, փաստորեն, կիմաստազրկվի: Փարիզի համաձայնագիրն ընդունվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-­ին Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացած խորհրդաժողովի արդյունքներով: Համաժողովի 195 մասնակիցներ համաձայնության են եկել թույլ չտալու մինչեւ 2100 թվականը
մինչինդուստրիալ դարաշրջանի համեմատությամբ մոլորակի վրա միջին ջերմաստիճանի բարձրացում Ցելսիուսի 2 աստիճանից ավելի:

Գիտնականները կարծում են, որ ջերմաստիճանի ավելի զգալի բարձրացումը, որի պատճառը հանածո վառելիքի այրման հետեւանքով մթնոլորտ ածխաթթվական գազի արտանետումներն են, կարող է անդառնալի հետեւանքների հանգեցնել մոլորակի բնապահպանության համար:

2016 թվականի ապրիլի 22-­ին ՄԱԿ-­ի կենտրոնակայանում կայացած գագաթնաժողովում 175 պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանը, Գերմանիան, Հնդկաստանը, Չինաստանը եւ ԱՄՆ-­ն, ստորագրել են այդ համաձայնագիրը: Պայմանագրի համաձայն՝ ԱՄՆ­-ը պարտավորվել է մինչեւ 2025 թվականը արտանետումների մակարդակը 10­ամյա վաղեմության ցուցանիշների համեմատությամբ կրճատել 26-28 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս