«Ամբողջ Ֆրանսիան համակրում է Հայաստանին, Ֆրանսիան սիրում է Հայաստանը». Ժան-Ֆրանսուա Շարպանտիե

«Ոչ միայն համաշխարհային, այլև տեղական ֆրանսիական մամուլը մեծ ծավալով լուսաբանել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունները։ Մեր արձագանքն ունեցած ընտրություններ էին»,- այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ֆրանսիայի նախագահական ընտրություններից, արտաքին քաղաքականության  փոփոխությունների և դրա հետևանքով հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման մասին՝ ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։

Նրա խոսքով՝ ֆրանսիացիներն ընտրել են այնպիսի նախագահի, որը կողմնակից է բարեփոխումներին և որի մոտեցումն է՝ Ֆրանսիան պահել Եվրամիության կազմի մեջ։

«Քաղաքական համայնապատկերին առնչվող փոփոխությունների գործընթացը լիովին չի ավարտվել։ Այն համընդգրկուն չի կարելի համարել, որովհետև  դեռևս օրենսդրական ընտրությունները չեն կայացել։ Ֆրանսիական քաղաքական դաշտի հավասարակշռության ավարտուն պատկերն ավելի հստակ կերևա հունիս ամսվա վերջին, իսկ արտաքին քաղաքականության դաշտում, երևի թե, պետք չէ ակնկալել խորը փոփոխություններ, որովհետև Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը հիմնված է քաղաքական կոնսենսուսի վրա։ Նորընտիր նախագահ պարոն Մակրոնը քաղաքական թատերաբեմում իր առաջին քայլերն արեց՝ տեղի ունեցան Մեծ յոթնյակի հանդիպումը, ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, Մակրոն-Պուտին հանդիպումը։

Արտաքին ֆրանսիական քաղաքականությունն այդքան մեծ փոփոխությունների չի ենթարկվի, կընթանա իր բնականոն հունով»,- ասաց դեսպանը։
Խոսելով հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին՝ դեսպանն ասաց, որ այն վաղեմի պատմություն ունի, շատ խորն են և այդպիսին էլ պետք է մնան։ «Պետք է  նպատակադրված լինենք դրանք ավելի դինամիկ դարձնելու  և արդիականացնելու»,- ասաց նա։

Կարդացեք նաև

Լրագրողներից մեկի հարցին, թե հայաստանյան ընտրությունների արդյունքում արդյոք ստեղծվե՞լ է այնպիսի քաղաքական միջավայր, որը թույլ կտա խորացնել հայ-ֆրանսիական հարաբերությունները, Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն պատասխանեց, որ ընտրություններն այս տարի համեմատաբար ավելի խաղաղ պամաններում են ընթացել։ Ամեն դեպքում, ըստ նրա՝ նույնիսկ ընդդիմությունը չի վիճարկել ընտրությունների արդյունքները։

Անդրադառնալով ընտրակաշառքի բաժանման դեպքերին՝ դեսպանն ասաց.

«Ափսոսում եմ, որ ընտրակաշառք է բաժանվել։ Ափսոսում եմ երկու պատճառով. քվեների գնման իրողությունը երկու բացասական հետևանք ունի՝ առաջինը՝ կաշառք տվողի, հետո էլ՝ վերցնողի համար։ Ցավալին այն է, որ այն մարդը, ով վերցնում է ընտրակաշառքը, չունի քաղաքական հստակ պատկերացում, նա ընդամենը վաճառում է իր ձայնը։ Մյուս կողմից՝ ով գնում է այդ ձայնը, առաջին հերթին՝ բավականաչափ հարգանք չի տածում իր գործառույթի նկատմամբ»։

Այս առիթով նա մեջբերեց Նիցշեի խոսքերը՝ այն, ինչ գնվում է, այդքան էլ մեծ արժեք չունի, ապա շարունակեց՝ ասելով. «Ես պարզապես ուզում եմ ասել, որ ամբողջ Ֆրանսիան համակրում է Հայաստանին, Ֆրանսիան սիրում է Հայաստանը։ Մենք բարեկամ ենք ողջ հայ ժողովրդի հետ»։

Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերությունների 25-ամյակին և այդ տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումներին և բացթողումներին՝ դեսպանն ասաց. «25 տարիների ընթացքում մեծ նվաճումներ են գրանցվել՝ տեղի է ունեցել 4 նախագահների այցը Հայաստան։  Հիմնել ենք կրթօջախ. արդեն 15 տարի է՝ Հայաստանում գործում է Ֆրանսիական համալսարանը։ Հիմնել ենք  ֆրանսիական դպրոց։ Այս տարի այդ դպրոցի 10-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա կլինի նաև ՀՀ կրթության և գիտության նախարարը»։

Ինչ վերաբերում է բացթողումներին, ապա նա նկատեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները կարծես քարացած լինեն կարծրատիպերի վրա։ «Ես շատ ուրախացա, երբ Ֆրանսիայի նախագահի ընտրությունից հետո հայկական մամուլն էլ իր հրապարակումների մեջ համամիտ էր այն կարծիքին, որ պետք է փոփոխությունների ենթարկել, ավելի դինամիկ դարձնել հայ-ֆրանսիակակ հարաբերությունները»։

Նրա կարծիքով՝ երկրորդ բացողումն այն է, որ 25 տարիների ընթացքում ֆրանսերենը երկու երրորդով զիջել է իր դիրքերը։ «Մենք լծվել ենք այս գործընթացին՝ ակնկալելով հայկական իշխանությունների օժանդակությունն այնպես անել, որ զիջած դիրքերը հետ նվաճենք։ Դրա համար կան նաև հիանալի առիթներ. Հայաստանի անդամակցությունը Ֆրանկֆոնիայի միջազգային կազմակերպությանը, 2018 թ. Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթաժողովի անցկացումը Հայաստանում»,- ասաց դեսպանը։

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի գնահատմամբ՝ երրորդ բացթողումը տնտեսական ոլորտում է. «Մեր առևտրատնտեսական հարաբերությունները թույլ են։ Բնականաբար, տնտեսական ուղղվածության մի շարք հանդիպումներ տեղի են ունենում։ Շատ են ֆրանսիական ձեռնարկությունները, որոնք հետաքրքրված են Հայաստանով։ Տեղից ցատկ՝ ուշ, բայց կատարվել է, որովհետև հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ»։

Ռոզա Հակոբյան

Տեսանյութեր

Լրահոս