Նոր Զելանդիայի զինված ուժերը մտադիր են մինչև 2020 թվականը դառնալ առաջին չծխող բանակը
Նոր Զելանդիայի զինված ուժերը ձգտելու են մինչեւ 2020 թվականը դառնալ աշխարհում առաջին բանակը, որի շարքերում ծխող զինծառայողներ չեն մնա: «Ծխելուց ազատվելու» պլանների մասին Վելինգտոնում հայտարարել է պաշտպանության ազգային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Քարեն Ուորդը: Դրանց իրագործման համար կդադարեցվի ծխախոտի արտադրանքի վաճառքը ռազմակայանների տարածքում եւ կսահմանվի ծխելու արգելք զորանոցների եւ ծառայական շենքերի ներսում։
Կարելի է ենթադրել, որ 2020 թվականին ծխելը կթողնեն, հավանաբար, ոչ բոլոր նորզելանդացի զինվորականները: Ներկայում ծխում է նրանց 10 տոկոսից փոքրինչ ավելին, եւ հրամանատարությունը հուսով է, որ նոր միջոցների շնորհիվ ծխողների բաժինը կնվազի մինչեւ 5 տոկոս, ինչը կհամապատասխանի Նոր Զելանդիայի իշխանությունների սահմանած «ծխելուց զերծ» պաշտոնական կարգավիճակին, հաղորդել է ՏԱՍՍ-ը։