Եվրամիությունը և ԱՄՆ-ը պայմանավորվեցին ակտիվացնել պայքարը ԻՊ-ի դեմ
ԱՄՆ-ի եւ Եվրամիության ինստիտուտների ղեկավարները Բրյուսելում կայացած հանդիպմանը պայմանավորվել են ակտիվացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԵՄ-ի մի աղբյուր:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 25-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրախորհրդի եւ Եվրահանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկի եւ Ժան Կլոդ Յունկերի հետ: Ավելի ուշ նրանց միացել են ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին եւ Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին:
«Հակաահաբեկչության հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել ԴԱԻՇ-ի դեմ պայքարն ակտիվացնելու վերաբերյալ»,հայտարարել է աղբյուրը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նաեւ իր հավանությունն է հայտնել ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԵՄ-ի դիրքորոշմանը: «Քննարկվել է՝ ինչպես շարունակել աշխատանքը՝ հիմնվելով արդեն առկա լավ համագործակցության վրա»,-նշել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: