Բաժիններ՝

«Մենք այդ ինստիտուտը պետք է ներդնենք, որ որոշ քաղաքացիների բերենք համապատասխան ցիվիլ դաշտ». Կարեն Կարապետյան

Մայիսի 27-ին կայանալու է համապետական շաբաթօրյակ: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը` նշելով, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքի վերաբերյալ Տարածքային կառավարման և զարգացման նախարարը տեղեկացրել է, որ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից աղբահանության և սանիտարական ոլորտի վերաբերյալ ներկայացվել են մի շարք առաջարկներ համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների համար:

Վարչապետը նշեց, որ ակնկալում են գործադիր մարմինների ակտիվ մասնակցությունն ու լիարժեք աջակցությունը. «Այս ծրագրին մենք խիստ հետևողական ենք լինելու և այն կրելու է շարունակական բնույթ»:

Կ.Կարապետյանը նշեց, որ առաջարկում են համայնքներում ներդնել աղբահանության սանիտարական տեսուչների ինստիտուտ:

Նրա խոսքով` մինչև այս տարվա վերջ հանդես են գալու նաև օրենսդրական նախաձեռնությամբ` ոլորտը կարգավորող հատուկ իրավական ակտի վերաբերյալ:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատարին վարչապետը հանձնարարեց երկամսյա ժամկետում ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություններ չսահմանված վայրերում աղբ թափելու դեպքում տուգանքների կիրառման և հատուկ ստորաբաժանման ձևավորման վերաբերյալ, նաև միջգերատեսչական հանձնաժողովը պետք է ներկայացնի ամսական հաշվետվություններ ԶԼՄ-ներին:

Տարածքային կառավարման և զարգացման ու ֆինանսների նախարարների պաշտոնակատարներին Կ.Կարապետյանը հանձնարարեց ազդակիր համայնքներին պետական աջակցության օժանդակության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել: Ըստ նրա` տեսուչների վարձատրումն ու աղբահանության ֆինանսավորումը կիրականացվի տուգանքների հաշվին:

«Մենք այդ ինստիտուտը պետք է ներդնենք, որ որոշ քաղաքացիների բերենք համապատասխան ցիվիլ դաշտ»,- ասաց Կ.Կարապետյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս