Բաժիններ՝

Մանչեսթրում ահաբեկչության գործով բերման ենթարկվածների թիվը հասել է ութի

Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները եւս երկու մարդու են բերման ենթարկել մայիսի 22-­ին Մանչեսթրում կատարված ահաբեկչության հետաքննության շրջանակներում: Այդ մասին Twitter­-ում հայտնել է Մեծ Մանչեսթրի ոստիկանությունը:

«Այսօր առավոտյան մենք խուզարկություններ ենք անցկացրել Վիթինգթոնի շրջանում, ձերբակալվել է մի տղամարդ: Հետաքննության կապակցությամբ մեկ ուրիշ տղամարդ նույնպես այսօր առավոտյան ձերբակալվել է Մանչեսթրում»,-հայտնել է ոստիկանությունը:

Ավելի վաղ իրավապահները Twitter-­ում տեղեկացրել էին, որ «Մանչեսթր Արենա»­ում կատարված ահաբեկչության կապակցությամբ բերման ենթարկված կինն ազատ Է արձակվել առանց նրա նկատմամբ մեղադրանքներ ներկայացնելու: Այսպիսով, կալանքի տակ գտնվող կասկածյալների ընդհանուր թիվը հասել է ութի:

Քննիչները գտնում են, որ ահաբեկչական գործողությունը կազմակերպվել է հանցավոր խմբի կողմից: Ավելի վաղ հայտնի է դարձել ենթադրյալ մահապարտ­ահաբեկչի՝ Սալման Աբեդիի ավագ եղբոր՝ Իսմայիլ Աբեդիի ձերբակալման մասին, որին բռնել են Մանչեսթրի հարավում, ինչպես նաեւ Լիբիայում Աբեդիի հոր եւ կրտսեր եղբոր ձերբակալման մասին:

Մանչեսթրում ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել մայիսի 22­-ի երեկոյան ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ավարտին: Մահապարտն ինքնաշեն ռումբը պայթեցրել է «Մանչեսթր-­Արենա» համալիրի ճեմասրահում:

Վերջին տվյալներով՝ «Մանչեսթր­Արենայում» պայթյունի հետեւանքով զոհվել է 22 մարդ, այդ թվում՝ 12 երեխա, 64 հոգի գտնվում է հիվանդանոցներում, 9 մարդ նախկինի պես համարվում է անհայտ կորած: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս