Առաջիկա օրերը ևս տեղումնառատ կլինեն. այս անգամ անձրև կտեղա Հայաստանում զարգացած ամպերից. Գագիկ Սուրենյան. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի տարածքում առկա ցիկլոնը առաջիկա գիշերը դուրս կգա դեպի Կասպից ծով` իր հետ տանելով համատարած տեղումները եւ սառը եղանակը:
Բայց դա չի նշանակում, թե անձրեւներն ընդհանրապես կդադարեն: «Մայիսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում երեկոյան ժամերին հանրապետությունում կզարգանա ներզանգվածային ամպրոպային ամպամածություն: Դա նշանակում է, որ պրոցեսը ոչ թե գալիս է այլ տարածքներից` ծովից կամ օվկիանոսից, այլ ամպրոպային ամպերը զարգանալու են հենց Հայաստանի տարածքում եւ հիմնականում երեկոյան ժամերին»,- մեր զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Ամպրոպային այդ ամպերի թիրախում լինելու է հանրապետության հյուսիսային կեսը` Շիրակը, Լոռին, Տավուշը, Արագածոտնի եւ Կոտայքի լեռնային շրջանները, Գեղարքունիքը:
Նշված մարզերում երեկոյան համատարած կլինեն անձրեւ, ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ, քամու ուժգնացում: Իսկ մյուս` հարավային շրջաններում` Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, Սյունիքում, Արցախում, ինչպես նաեւ Երեւանում երեկոյան ժամերին տեղումները կլինեն խիստ լոկալ բնույթի: Այսինքն` տվյալ բնակավայրի մի հատվածում կարող է լինել անձրեւ, ամպրոպ, քամու ուժգնացում, իսկ մյուս հատվածում ընդհանրապես տեղումներ չլինեն: «Դրանք կոչվում են երակային պրոցեսներ»,- նկատեց Գագիկ Սուրենյանը:
Ինչ վերաբերում է օդի ջերմային ֆոնին, վաղը ցերեկվանից սկսած Հայաստան կգան տաք օդային հոսանքներ Մերձավոր Արեւելքից` հարավ-արեւմուտքից եւ օդի ջերմաստիճանը աստիճանաբար օր օրի կբարձրանա 4-6 աստիճանով:
«Այսինքն` եթե այսօր Երեւանում ցերեկային ժամերին 20-22 աստիճան էր, ապա արդեն մայիսի 28-29-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի 27-28 աստիճանի»,- եզրափակեց օդերեւութաբանության կենտրոնի պետը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: