Մանչեսթրի ահաբեկչությունը կդառնա Իտալիայում G7-ի գագաթնաժողովի թեմաներից մեկը
Յոթի խմբի երկրների գագաթնաժողովի մասնակիցները, որը մայիսի 26-27-ին տեղի կունենա Իտալիայի Թաորմինում, ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում կքննարկեն Մանչեսթրի ողբերգության հետեւանքները: Այդ մասին Բեռլինում լրագրողներին հայտնել է գերմանական կառավարության մի աղբյուր:
«Ահաբեկչության թեման առանձնակի դեր է ստանում ներկա իրադրության ֆոնին: Հակաահաբեկչությունն առաջ էլ ուշադրության կենտրոնում էր, բայց այժմ Մանչեսթրի ողբերգությունը թեմաներից մեկը կլինի G7-ի գագաթնաժողովում»,-նշելէ աղբյուրը:
Ահաբեկչական գործողությունը Մանչեսթրում տեղի է ունեցել լույս մայիսի 23-ի գիշերը՝ ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո: Պայթյունը կատարել է մահապարտը: Վերջին տվյալներով՝ զոհվել է 22 մարդ, շուրջ 120 հոգի վիրավորվել է: Բացի այդ, մի քանի դեռահասներ համարվում են անհայտ կորած:
Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ոստիկանությունը 22-ամյա Սալման Աբեդիին համարում է ահաբեկչական գործողության իրականացման կասկածյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը։