Բաժիններ՝

Առաջին անգամ աֆրիկացի է ընտրվել ԱՀԿ­-ի գլխավոր տնօրեն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր գլխավոր տնօրեն է ընտրվել Եթովպիայի առողջապահության նախկին նախարար Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը: Այս որոշումն ընդունվել է մայիսի 23-­ին Առողջապահության համաշխարհային ասամբլեայի՝ Ժնեւում ընթացող 70­-րդ նստաշրջանում, ընտրության մասին պաշտոնապես հայտարարվել է լիագումար նիստում:

Առաջին անգամ ԱՀԿ-­ն գլխավորել է աֆրիկյան երկրի ներկայացուցիչ: Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսն ուսանել է Երիթրեայի մայրաքաղաքում եւ Լոնդոնում, գիտությունների դոկտորի աստիճան ունի «Հանրային առողջապահություն» մասնագիտությամբ: 2005­-2012 թվականներին գլխավորել է Եթովպիայի առողջապահության նախարարությունը, իսկ այնուհետեւ՝ մինչեւ 2016 թվականը, այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը:

Մարգարետ Չենը, որը հունիսի վերջին ավարտում է ԱՀԿ-­ի ղեկավարի պաշտոնում գտնվելու տասնամյակը, արժանացել է ԱՀԿ­-ի Պատվավոր գլխավոր տնօրենի կոչման:
Առողջապահության համաշխարհային ասամբլեայի ներկայիս նստաշրջանում, որն սկսվել է մայիսի 22-­ին եւ կշարունակվի մինչեւ մայիսի 31-­ը, մի շարք բանաձեւեր կընդունվեն, համաձայնագրեր եւ գործողությունների գլոբալ ծրագրեր կստորագրվեն առողջապահության հրատապ խնդիրների վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս