Բաժիններ՝

Գյումրու դրամատիկական թատրոնում տեղադրվել են արևային ջրատաքացման ու ֆոտովոլտային համակարգեր

Գյումրիում շարունակվում է «Վերականգնվող էներգիան՝ որպես տեխնոլոգիական զարգացման գործիք» ծրագիրը, որը նպատակաուղղված է արևային էներգիայի միջոցով կրճատելու հաստատության էներգետիկ ծախսերն ու խնայած գումարը ներդնելու կրթական ու զարգացման ծրագրերի մեջ:

Նախագիծը նախատեսվում է իրականացնել Գյումրիի 6 սոցիալական, կրթական և մշակութային հաստատություններում:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գյումրիի «Երեխաների տանը» ներդրվել են մինչև 25 տարվա կենսագործունեության ժամկետ ունեցող «Արփի Սոլար» արևային ջրատաքացման ու ֆոտովոլտային համակարգեր, որոնք կապահովեն անվճար տաք ջրով և էլեկտրաէներգիայով` տարեկան խնայելով ավելի քան 4 միլիոն դրամ։

Արևի էներգիայի համակարգերը տեղադրվել են նաև Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Թատրոնում մինչև 25 տարի սպառման ժամկետով տեղադրված «Արփի Սոլար» արևային ֆոտովոլտային համակարգի արտադրած էլեկտրաէներգիան տարեկան մինչև 2 միլիոն դրամի ծախս կխնայի և կկրճատի 11տ CO2 արտանետումներ։

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշում է, որ տարեկան 2 միլիոն դրամ խնայողությունը նշանակում է՝ տարեկան մեկ կամ երկու նոր ներկայացում, նշանակում է, որ այդ գումարի միջոցով հնարավոր է մշակույթն ավելի հասանելի դարձնել ժողովրդի համար:

«Կարծում եմ՝ պետք է դպրոցների աշակերտների համար ճանաչողական տուր անցկացնել, որպեսզի երեխաները հասկանան և սովորեն, թե ինչպես են արևի շողերը փոխակերպվում էներգիայի և լուսավորում այս թատրոնը:

Երեխաներն առաջին հերթին կհասկանան, թե ինչպես է պետք պահպանել մեզ շրջապատող բնությունը, հետո կփորձեն այդ ամենն ընկալել արվեստի միջոցով: Այս ծրագիրը շատ կարևոր է, և մենք դեռ շարունակելու շատ տեղ ունենք. Քանի որ 2 միլիոն դրամն ու 2 ներկայացումը կարող ենք դարձնել 4, 4-ը՝ 8, և այլն»,- նշում է Արմեն Ամիրյանը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ մի խումբ ծանրակշիռ ընկերություններ և մարդիկ համախմբվել են մի ծրագրի շուրջ: Ըստ Հայկ Չոբանյանի՝ այս միտումը պետք է շարունակական լինի:

Համոզված եմ, որ այն 6 ծրագրերը, որ իրականացվում են, վարակիչ են լինելու ոչ միայն Գյումրիի, այլև ամբողջ տարածաշրջանի համար: Մենք դեռ շատ գաղափարներ և նպատակներ ունենք, և, համոզված ենք, որ միասնական ուժերով իրականացնելու ենք դրանք»:

«Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Հասմիկ Բարսեղյանը նշում է, որ ծրագիրն իրականացվում է Գյումրի քաղաքում, քանի որ հատկապես 1988 թվականի երկրաշարժից հետո շատ կարևոր է բոլոր ռեսուրսները հենց այդ քաղաքի զարգացմանն ուղղելը: Հասմիկ Բարսեղյանի խոսքով՝ միջոցառումներն այսպիսով պետք է շարունակական լինեն նաև մյուս մարզերում:

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը շատ սիմվոլիկ է համարում միջոցառման իրականացման վայրերը՝ Գյումրու «Երեխաների տուն», ծերերի խնամքի կենտրոն և դրամատիկական թատրոն:

«Շատ ուրախ եմ, որ ծրագրի ներդրողներն ունեն այն գիտակցությունը, որ այսօր մշակույթը ևս ունի խնամքի կարիք: Եթե դրամատիկական թատրոնը տասը տարի առաջ իր գործընկերների և աջակիցների միջոցով հնարավորություն ունենար ներդնել այս համակարգերը, ապա մենք այսօր թատրոնի վերազինման խնդիրը 60-70 տոկոսով լուծած կլինեինք: Այս ծրագիրը մենք սկսում ենք այսօր, և տասը տարի անց թատրոնի այցելուները կօգտվեն արդեն այսօր մեկնարկը տված ծրագրի բարիքներից:

Նշենք նաև, որ ծրագիրն իրականացնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը` «Ֆիլիպ Մորիս» ընկերության ֆինանսավորմամբ։ Գործընկերներն են՝ «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը» և «Արփի Սոլար» արևային տեխնոլոգիական ընկերությունը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս