Ծառուկյանի թիկնազորի պետի մասնակցությամբ ծեծկռտուք «Շանգրի Լա»-ում. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ուրբաթ գիշերը Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանը միջադեպ է տեղի ունեցել, որին մասնակցել է նաև Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը:
Armtimes.com-ի տեղեկություններով՝ միջադեպը ծագել է խաղատան երեք այցելուի ոչ սթափ լինելու պատճառով: Նրանք վեճի են բռնվել խաղատան աշխատակիցների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: «Շանգրի Լա»-ի թիկնազորը հենց խաղատան բակում փորձել է կարգի հրավիրել «անկարգ հաճախորդներին»: Ականատեսների պատմածով՝ նրանց է միացել Էդուարդ Բաբայանը, ում ձեռքին զենք է նկատվել, որից հետո ծեծված երիտասարդներից մեկը փորձել է փախչել, սակայն խաղատան աշխատակիցները բռնել և Էդուարդի մոտ են բերել փախչել ցանկացողին, որից հետո ծեծը շարունակվել է: Որոշ տեղեկություններով՝ այդ անձանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից armtimes.com-ին փոխանցեցին, որ նշված միջադեպի վերաբերյալ ոստիկանությունում ահազանգ չեն ստացել, բայց armtimes.com-ի հրապարակումն ուսումնասիրվում է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։
Լուսանկարը՝ armtimes.com-ի։