«Հրթիռային գնդակոծման վերաբերյալ Ռուսաստանի հայտարարությունը բավականին կոշտ էր՝ ի վնաս Ադրբեջանի». Արման Նավասարդյան

«ԵԱՀԿ-ի կատարած հայտարարությունն այն մասին, որ հրթիռային գնդակոծումը կատարվել է Ադրբեջանի կողմից, պլյուս էր մեզ համար։ Սա 25 տարվա մեջ առաջին անգամ կատարվեց»,- այսօր՝ մայիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Ըստ նրա՝ սա պայմանավորված էր նրանով, որ ամբողջ Եվրոպան և ԵԱՀԿ-ն նեղացան այն բանից, որ Ադրբեջանի պատճառով փակվեց երևանյան գրասենյակը, և դրա պատասխանն այսպես տրվեց։

Ա. Նավասարդյանը բարձր գնահատեց նաև Ռուսաստանի կողմից արված հայտարարությունն Ադրբեջանի կողմից հրթիռային գնդակոծման մասին.

«Բացի դրանից, Ռուսաստանն առանձին արեց հայտարարություն, այն էլ՝ ԱԳՆ-ի մակարդակով, որը բավական կոշտ հայտարարություն էր՝ ի վնաս Ադրբեջանի։ Կարծես թե Ռուսաստանն ուզում է Ադրբեջանին հասկացնել, որ կարմիր գծի սահմաններ կան»։
Ըստ բանախոսի՝ եթե մեծ ռազմական գործողություններ լինեն, Ռուսաստանն ինչ-որ ձևով պետք է իրեն մեղավոր զգա, մասնավորապես՝ նկատի ունենալով հսկայածավալ զենքի մատակարարումն Ադրբեջան։

«Վերջին հաշվով, եթե Ադրբեջանն այդ զենքն օգտագործի, և դա պատճառ դառնա մեծ պատերազական գործողությունների, ապա Ռուսաստանն իրոք կարող է մեղավոր զգալ իրեն։ Համենայն դեպս, այսօրվա դրությամբ զոհվում են մեր զինվորները, այսօրվա դրությամբ լարվածություն կա, բայց ես չեմ կարծում, որ մեծ պատերազմական գործողություններ կսկսվեն։

Ըստ երևույթին՝ կողմերը պետք է ամեն ինչ անեն վերջակետ դնելու համար, ինչ-որ ձևով գան ընդհանուր հայտարարի։ Վերհիշելով Սերժ Սարգսյանի ելույթը՝ ասեմ՝ չի կարող խոսք լինել տարածքների զիջման վերաբերյալ։ Փոխզիջում՝ այո, բայց նայած՝ ինչի դիմաց, դա ի՞նչ կտա Ղարաբաղին։ Ես միշտ ասում եմ՝ եթե այդ հողերն առանց որևէ լուրջ նախապայմանների հանձնվեն, դա կլինի ինքնասպանության նման մի բան»,- այսպես եզրափակեց իր խոսքը Արման Նավասարդյանը։

Ռոզա Հակոբյան

Տեսանյութեր

Լրահոս