«Գառնին, այնտեղ գտնվող արքունական բաղնիքն ու շրջակա միջավայրը պետք է հասանելի եւ ընկալելի դարձնել զբոսաշրջիկների համար»
Կոտայքի մարզի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն ու Գեղարդի վանքը զբոսաշրջիկների համար ավելի հասանելի կդառնան: ՀՀ փոխվարչապետ, Միջազգային ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ներդրումաին ծրագիրը հիմնականում ենթակառուցվածքների բարելավմանն է ուղղված:
«Նախատեսվում է «Քարերի Սինֆոնիա»-ի տարածքում լուսավորություն անցկացնել, Խոսրովի արգելոցից մուտք ապահովել դեպի «Քարերի սինֆոնիա»: Նախատեսվում է նաեւ բարեկարգել Ողջաբերդի ճանապարհահատվածը եւ դրա միակ ելքը ճանապարհի պարբերաբար վերանորոգումն է»,- ասաց նա:
Վաչե Գաբրիելյանի խոսքով` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Գառնի այցի շրջանակներում հանձնարարել է ավելի մեծ ուշադրություն դարձնել զբոսաշրջիկների տեղեկատվության հասանելիությանը տարբեր լեզուներով ապահովելու համար:
«Գառնին, այնտեղ գտնվող արքունական բաղնիքն ու շրջակա միջավայրը պետք է հասանելի եւ ընկալելի դարձնել զբոսաշրջիկների համար»,-ասաց փոխվարչապետը՝ հավելելով, որ աշխատանքները կմկնարկեն հաջորդ տարվանից, իսկ ավարտը նախատեսվում է առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում: