Բաժիններ՝

Աղձք գյուղի պեղավայրում հնագետները վաղ միջնադարյան մեսրոպատառ տապանաքարեր են հայտնաբերել

Արագածոտնի մարզի Աղձք գյուղի պեղավայրում հնագետներն այս տարի վաղ միջնադարյան մեսրոպատառ տապանաքարեր են պեղել: «Արմենպրես»-­ի հետ զրուցում Աղձքի հնավայրի արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանն ասաց, որ արձանագրությունները վերծանման փուլում են: «Վաղ միջնադարյան արձանագիր տապանաքարեր մենք ընդհանրապես չենք ունեցել»,­-ասաց նա:

Հնագետի խոսքով` պատմամշակութային ժառանգության ուսումնասիրության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը մինչեւ աշուն հուշարձանի տարածքում պեղման­մաքրման աշխատանքներ կիրականացնի: «Մենք ակնկալում ենք այդ տարածքում վաղ միջնադարյան մոնումենտալ կառույցներ հայտնաբերել»,­ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ ամեն ինչ արվելու է Աղձքը Հայաստանի ամենակարեւոր զբոսաշրջային վայրերից մեկը դարձնելու համար:

Դեռ անցյալ տարի նոյեմբերին Աղձքի հնավայրում բացվեց Աղձքի արշավախմբի կողմից պեղված երեք մասունքատուփ­սնդուկներից ամենամեծը, որտեղ հայտնաբերվեցին հայոց արքաների մասունքներ:

Արշակունի թագավորների աճյունները ամփոփված են եղել Աղձքի արքայական դամբարանում, որը թվագրված է 4­րդ դարի երկրորդ կեսով։ Իսկ 5­-րդ դարում դամբարանին կից կառուցվել է բազիլիկ եկեղեցի, որը վերակառուցվել է 19-­րդ դարում։ Փավստոս Բուզանդի վկայությամբ՝ Պարսից Շապուհ Բ արքան 364 թվականին գրավելով Անի­-Կամախը՝ փորձել է այնտեղ թաղված հայ թագավորների աճյունները Պարսկաստան փոխադրել:

Պարսիկների պատկերացմամբ՝ մասունքների հետ միասին իրենց երկիր կտեղափոխվեր նաեւ նրանց «փառքը, բախտն ու քաջությունը»։ Սակայն Վասակ Մամիկոնյանը, Այրարատ նահանգում հաղթելով պարսիկներին, խլել է հայոց արքաների աճյուններն ու դրանք հողին հանձնել Աղձքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս