«Ֆլեշ» ընկերությանը 170 միլիոն դրամ կտրամադրվի՝ 5 միլիոն լիտր դիզվառելիքը գյուղացիներին վաճառելու համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գյուղատնտեսության նախարարությունը շրջանառության է դրել «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման համար» ծրագրի շրջանակներում սուբսիդիա տրամադրելու մասին որոշման նախագիծը: Այն հասանելի է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Ծրագիրը նախատեսում է աջակցություն հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման հարցում՝ հողի բերրիության բարձրացման և հողօգտագործողների եկամուտների ավելացման նպատակով: Ծրագրի իրականացման համար գյուղացիներին մատչելի վառելիք տրամադրելու նպատակով որոշված է 170 միլիոն դրամ տրամադրել «Ֆլեշ» ընկերությանը՝ 5 միլիոն լիտր դիզվառելիքի մատակարարումները կազմակերպելու նպատակով: Ավելորդ չենք համարում նշել, որ «Ֆլեշ» ՍՊԸ–ն պատկանում է հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանին, ով մտերիմ հարաբերությունների մեջ է իշխանական թևում գտնվող մի շարք անձանց հետ:

Որոշման նախագծում մասնավորապես գրված է, որ 2017 թ. պետական բյուջեով հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 170 միլիոն դրամը՝ սուբսիդիա տրամադրելու մասին պայմանագրով, տրամադրել «Ֆլեշ» ՍՊԸ–ին:

Համաձայն մարզպետարաններից ստացված տեղեկատվության՝ դիզելային վառելիքի նկատմամբ 2017 թ. գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկը կազմում է մինչև 5 միլիոն լիտր դիզելային վառելիք: Այն բավարարելու և 2017 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման հարցում աջակցելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել հանրապետություն ներկրել մինչև 5 միլիոն լիտր դիզելային վառելիք՝ հողօգտագործողներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, Գյուղատնտեսության նախարարության կազմակերպություններին շուկայականից ավելի մատչելի գներով վաճառելու համար:

Ծրագրի իրականացումն ապահովելու համար նվազագույն շահավետ գնի որոշման նպատակով իրականացվել է «Գնումների մասին» օրենքի 14–րդ հոդվածի 7–րդ մասին համապատասխան գնման գործընթաց: 2017 թ. ապրիլի 14–ին Armeps համակարգի միջոցով հայտարարվել էր շրջանակային համաձայնագրով գնման ընթացակարգ: Նշված գնման ընթացակարգի շրջանակներում գնային առաջարկ են ներկայացրել «Ֆլեշ» ՍՊԸ–ն և «Մաքսհուր» ՍՊԸ–ն: 1 լիտրի դիմաց «Ֆլեշ» ՍՊԸ–ն առաջարկել է 320 դրամ, իսկ «Մաքսհուրը»՝ 316,9 դրամ: Այնուհետև գյուղատնտեսության նախարարությունը կազմակերպել է բանակցություններ վերոնշյալ 2 կազմակերպությունների հետ` դիզելային վառելիքի մատակարարման նվազագույն շահավետ գին որոշելու համար, որի արդյունքում «Ֆլեշ» ՍՊԸ–ն առաջարկել է 314 դրամ, իսկ «Մաքսհուրը»՝ 314,3 դրամ:

Ըստ նախագծի՝ համայնքներում տեղական մատակարարողի կողմից մինչև 5 միլիոն լիտր դիզելային վառելիքի համար սուբսիդիայի չափը 1 լիտրի համար կազմում է 34 դրամ: Ստացվում է, որ գյուղացիները մեկ լիտրի համար կվճարեն 280 դրամ (314–34):

Նշենք, որ գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով 2012–2016 թթ. իրականացվել են հողօգտագործողներին դիզելային վառելիքի և պարարտանյութերի մատչելի գներով ձեռքբերման պետական աջակցության 14 ծրագիր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ  «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս