«Մութ սենյակում սև կատու պետք չէ փնտրել». Միքայել Մելքումյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանը, Խաչիկ Մանուկյանը և Արտյոմ Ծառուկյանը մանդատից հրաժարվելու որոշումն ինքնակամ են ընդունել և այդ դիմումները գրվել են երեկ և այսօր: Նման հայտարարություն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

«Պարոն Ծառուկյանը երեկ ներկայացրեց շարժառիթները: Այս դիմումները գրվել են երեկ և այսօր: Մարդիկ կամավոր եկել են համոզման, որ պետք է ինքնաբացարկի դիմումներ գրեն: Այդտեղ որևէ արտառոց, որևէ դեդեկտիվ ժանրի բան չկա,- ասաց նա և հավելեց,- Յուրաքանչյուրն ունի իր հիմնավորումը, բայց դա եղել է իրենց ցանկությունը: Եվ դա մի ժամում չի որոշվել, ընթացքում քննարկվում է, վերլուծվում է, բայց դրանք ներկուսակցական խնդիրներ են, թե մեր կուսակցական որ գործընկերը որ փուլում որտեղ պետք է իրականացնի իր գործունեությունը»:

Մելքումյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե արդյոք հրաժարականի նոր դիմումներ կլինե՞ն. «Գործընթաց է, որ պետք է գնա: Նրանց նկատմամբ ճնշում չի եղել: Այդ ճնշում հասկացությունն այս նոր իրավիաճկում… թիմ է, տասնյակ հազարավոր մարդիկ են, որ մեծ աշխատանք են կատարել և ճանապարհ են անցել մեզ հետ: Պարտադիր չի, որ անպայման մարդն իր գործունեությունն իրացնի միայն պառլամենտում: Մութ սենյակում սև կատու պետք չէ փնտրել»:

Թե որտե՞ղ է Իշխան Զաքարյանը, ինչո՞ւ է բացակայում ԱԺ անդրանիկ նիստերից, Մ.Մելքումյանը չպարզաբանեց: Նա միայն նշեց, որ Զաքարյանի` մանդատից հրաժարվելու մասին տեղեկություն չունի. «Ես, իհարկե, չեմ խոսել Իշխան Զաքարյանի հետ, բայց երեկ, տեսաք, որ կուսակցության խորհրդի նիստում նստած էինք իրար կողքի»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս