«Էսպես շառերը բերում կապում եք, հերիք չի՞ ձեզ, չհոգնեցի՞ք». Վարդան Ղուկասյան

«Ընդդիմություն ասելով ես հասկանում եմ… Գրիգոր Տաթևացին շատ գեղեցիկ ներկայացնում է ընդդիմության վերաբերյալ, ասում է` քամին ծառին ինչո՞ւ համար է պետք, որպեսզի ծառն ամրացնի իր արմատները: Հասկանալի՞ է: Ես առողջ ընդդիմությանը կողմնակից եմ»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը` մեկնաբանելով իրենց ընդդիմադիր լինել-չլինելու հարցը:

Լրագրողին հարցին` հիմա դուք քամի եք անելո՞ւ, որ ՀՀԿ-ն ամրացնի իր արմատները, Վ.Ղուկասյանը պատասխանեց, թե արդեն լրագրողն է քամի անում: Նա չհամաձայնեց, որ սկանդալով է սկսվել դաշինքի գործունեույթունը, նաև հերքեց, որ ՀՀԿ-ականներն իրենց թարս աչքով են նայում:

Վ.Ղուկասյանը համաձայնեց Սերժ Սարգսյանի հետ, որ ընտրություններն ազատ արդար ու թափանցիկ են եղել: Սակայն ՀՀ նախագահի հրաժարականի մասին հարցին նա չցանկացավ պատասխանել. «Ես խնդրում եմ ինձ նման հարցեր մի տուր»:

Թե ո՞րն է իրավական պետությունը, որի մասին խոսեց Ս.Սարգսյանը, Վ.Ղուկասյանը պատասխանեց, որ առաջին դասարանի հարց է:

Կարդացեք նաև

Հարցին` իր տղայի հետ կապված դեպքը, որ ըստ շրջանառվող լուրերի, գազալցակայանում մարդ է ծեծել, եղե՞լ է, թե՞ ոչ,  դժգոհեց, թե` ոչ բողոք կա, ոչ վկայություն, ինչո՞ւ են լրագրողները բզբզում:

Նա հարցադրում արեց, թե ինչո՞ւ լրագրողները չեն անդրադառնում 2007 թ-ին իր և Գյումրու փոխքաղաքապետի դեմ մահափորձի դեպքին, երբ մահացան աշխարհի 4 չեմպիոններ, իր կողմից ՀՀ ամենամեծ` Ամենափրկիչ եկեղեցու կառուցմանը, Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տուն թանագարանի գնմանն ու հայ համայնքին հանձնելուն. «Էսպես շառերը բերում կապում եք, հերիք չի՞ ձեզ, չհոգնեցի՞ք»:

Հարցին, որ Գյումրին աշխատատեղերի խնդիր ունի, ավելի լավ չի՞ աշխատատեղեր ստեղծել, Վ.Ղուկասյանը հակադարձեց, թե հայ մարդն ուր գնացել է, նախ եկեղեցի և հետո դպրոց է կառուցել, և որքան շատ լինեն աղոթատներ լինեն, ինչքան շատ մարդիկ աղոթեն, այնքան Աստված մեզ կողորմեա:

Դիտարկմանը, որ ասում են` մարդ ինչքան շատ մեղք է ունենում, այնքան մեծ եկեղեցի է կառուցում, Վ.Ղուկասյանը արձագանքեց. «Այո, այո: Դու մեղք չես գործո՞ւմ:Եթե մեծ Նարեկացին ասում է ամբոջ աշխարհի օվկիանոսները դառնային թանաք, մայրցամաքները` մագաղաթ, Լիբանանի անտառները դառնային գրիչ և դարձյալ չեն կարող գրել իմ մեղքերի մեկ հազարերորդ մասնիկը ևեթ, եթե Ներսես Շնորհալին իր հավատով խոստովանում և ասում է, որ ողորմեա քո արարածոց և ինձ` բազմամեղիս, եթե նրանք բազմամեղ էին, ինձ պես եղկելիս ու թշվառականս ավելի շատ, քան որևիցե մեկը: Ամենամեղավոր մարդը ես եմ, բոլորիցդ»:

Տեսանյութեր

Լրահոս