Հայկական զինուժի կորուստները 2017-ի ապրիլին. Razm.info
2017-ի ապրիլի 1-ից 30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 5 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական են: Դրանից բացի, վիրավորվել է 1 զինծառայող։ Այս մասին գրում է Razm.info-ն։
Մարտական կորուստներ
• Ապրիլի 24-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Հմայակի Հարությունյանը:
• Ապրիլի 28-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակված կրակոցից զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, շարքային, 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը:
Ոչ մարտական կորուստներ
• Ապրիլի 21-ին Վայոց ձորում անցկացված ճամբարային հավաքի ժամանակ ծառայակցի՝ անվտանգության կանոնները խախտելու հետևանքով արձակած կրակոցից մահացել է պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Զավենի Հակոբյանը (ծնված` 30.08.1986թ.): Պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտը կրակոցն արձակել է ինքնաձիգը մաքրելիս՝ մինչ այդ չհավաստիանալով՝ զենքի մեջ փամփուշտ կա, թե ոչ:
• Ապրիլի 25-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում չպարզված հանգամանքներում մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Կարեն Արմենի Ավետիսյանը: ՀՀ Քննչական կոմիտեն փոխանցում է, որ նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքն Ավետիսյանը հասցրել է ինքն իրեն՝ իրեն ամրակցված գնդացրով: Ավելի ուշ պարզվել են զինծառայողի արժանապատվությունն առանձին ծառայակիցների կողմից վիրավորելու, նրա նկատմամբ բռնություն կիրառելու դեպքեր: Մեղադրանք է առաջադրվել 3 ծառայակիցների:
• Ապրիլի 26-ին ոստիկանության Նոր Նորքի 5-րդ զանգվածում ավտոմեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել։ ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից Razm.info-ի հետ զրույցում հաստատել են, որ մահացածը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ինժեներական ծառայության պետ, մայոր, 31-ամյա Արմեն Ծատուրյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ Ծատուրյանը մահացել է սրտի կաթվածից։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։