«Եթե Շարմազանովը կամ Աշոտյանը մտնեին «Երկիր Ծիրանիի» գրասենյակ, դուք կարծո՞ւմ եք, որ իրենց դուրս էին բերելու այնպես, ինչպես Զ.Փոստանջյանին»
«Ազգային ժողովի պատգամավորին, ավագանու թեկնածուին բռնության են ենթարկել, և, փաստորեն, իրավապահ մարմինների կողմից այս պահին որևէ արձագանք չկա. սա արդեն իսկ սպասվելիք շեմից էլ մի բան այն կողմ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցը։
Բանախոսն իրավական տեսակետից իրավիճակը գնահատում է խիստ բացասական: Նրա խոսքով՝ սա բացարձակ ապօրինություն է. «Չգիտեմ՝ ինչպես են փորձելու սա արդարացնել, չնայած վստահ եմ, որ որևէ մեկին պատժի չեն ենթարկելու։ Իրոք, արտառոց դեպք է ինձ համար։ Այստեղ անգամ կապ չունի սեռը, տարիքը, էստեղ կարևորն այն փաստն է, որ դեռևս պատգամավոր համարվող անձին և ավագանու թեկնածուին կարող են բռնության կամ բերման ենթարկել։ Սա բոլոր տեսակի օրենքներից և տրամաբանությունից դուրս է»,- ասաց նա։
Հարցին, թե՝ ճի՞շտ է, որ Զարուհի Փոստանջյանին չէր թույլատրվում մտնել շտաբ, նա պատասխանեց. «Քանի որ տարածքը փակ չի եղել և ելումուտ է եղել, ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Եթե դուռը կոտրելու միջամտություն լիներ, ես կտեսնեի խնդիր, բայց քանի որ այդպիսի բան չի եղել, չեմ կարծում ՝ անթույլատրելի բան կա այդտեղ։ Առավել ևս, եթե Զարուհի Փոստանջյանն ահազանգ է ստացել, նա՝ որպես ավագանու թեկնածու և պատգամավոր, կարող էր մտնել։
Զարուհու կողմից որևէ ապօրինի գործողություն չեմ տեսնում։ Եթե հանկարծ Շարմազանովը կամ Աշոտյանը մտնեին նույն «Երկիր Ծիրանիի» գրասենյակ և ինչ-որ գործողություններ կատարեին, դուք կարծո՞ւմ եք, որ իրենց դուրս էին բերելու այնպես, ինչպես Զարուհի Փոստանջյանին։ Վստահ եմ, որ ոչ»։
Իսկ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության փաստաբան Արայիկ Պապիկյանն ասաց. «Չկա որևէ իրավական ակտ, որն արգելի ընտրական շտաբ մտնելը։ Այն հայտարարությունները, որ արգելված էր ընտրական շտաբ մտնել, ճիշտ չեն. նման սահմանափակում գոյություն չունի։ Չի կարելի օրինաչափ համարել նաև Զարուհի Փոստանջյանին դուրս հրավիրելու գործընթացը։ Նույն տրամաբանությամբ՝ 100-ավոր, 1000-ավոր մարդիկ ելումուտ են արել շտաբներ, և ոչ ոքի չեն հարցրել՝ դուք մեր համակի՞րն եք, թե՞ ոչ, դուք լրագրո՞ղ եք, թե՞ ոչ»։
Փաստաբանի խոսքով՝ երբ Դատախազությունը հանդես եկավ պաշտոնական հաղորդագրությամբ և ոստիկանների գործողությունները որակեց՝ որպես օրինաչափ, այդ պահին արդեն կանխորոշվեց գործի հետագա ընթացքը։ «Դա ուղղակի ցուցում և հրահանգ էր հետաքննություն իրականացնող մարմնին այն մասին, որ արդեն իսկ կանխորոշված էր՝ ոստիկանները գործելու են իրավաչափ, հետևաբար՝ ՀՀ որևէ քննիչ չի կարող քննության արդյունքում հակառակն ապացուցել, որքան էլ որ նա ցանկանա. ուղղակի բացառված է»։
«Փաստացի արդեն 24 ժամից ավելի է անցել, և որևէ հայտարարություն չկա, գոնե քրեական գործի հարուցում լիներ։ Ինչպես հասկանում ենք՝ ապահով Հայաստան այլևս գոյություն չունի անգամ այն պարագայում, երբ դու անձեռնմխելի անձ ես համարվում»,- հավելեց Նինա Կարապետյանցը։
Արայիկ Պապիկյանի համոզմամբ ՝ Զարուհի Փոստանջյանի հետ կատարվածը հրահանգավորված էր։ «Եթե իրենք բերման ենթարկելու նպատակ չունեին, բա էլ ի՞նչ էին անում։ Եթե տարածք ազատելու խնդիր կար, ապա դռնից այն կողմ տարածքն ազատ էր, էլ ինչո՞ւ էին ուզում մեքենա նստեցնել։ Ոստիկանական հսկայական ուժեր բերելը և կենտրոնացնելը իշխող կուսակցության շտաբի մոտ արդեն իսկ վկայում էր այն մասին, որ իրենք թաքցնելու բան ունեին։ Եթե չունեին՝ կբերեին ընթերակային, արձանագրություն կկազմեին, և ամեն ինչ միանգամից լուծում կստանար, ինչը չարվեց»,- ասաց փաստաբանը։
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցն ասաց, որ, եթե Զարուհի Փոստանջյանը դիմի իրենց, իրենք կաջակցեն նրան. «Ցանկացած պահի պատրաստ ենք աջակցել մեր կոլեգային, որովհետև Զարուհի Փոստանջյանն էլ է փաստաբան։ Պատրաստ ենք անգամ միջազգային մարմիններին դիմել»։
Ռոզա Հակոբյան