Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՔԾ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են թիվ 10/29 ընտրատեղամասում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հանգամանքները:

2017թ. մայիսի 14-ին «armtimes.com» ինտերնետային կայքում հոդված էր տեղադրվել առ այն, որ Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում թիվ 10/29 ընտրատեղամասում հարձակվել են «armtimes.com»-ի լրագրողի վրա՝ փորձելով խլել նրա հեռախոսը:

Նշված հրապարակումը դատախազությունն ուղարկել էր ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ մատնանշված հանգամանքներն ստուգելու։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ լրագրողը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչ է և ընտրատեղամասում մայիսի 14-ին լուսաբանել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության ընթացքը: Ժամը 12:00-ի սահմաններում լրագրողն իր բջջային հեռախոսով կատարել է տեսագրություն, որի ընթացքում մի երիտասարդ հրել է նրան, հարվածել, խանգարել տեսանկարահանելուն՝ փորձելով վերցնել նրա հեռախոսը՝ այդպիսով խոչընդոտելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ հաղորդումն ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Տեսանյութեր

Լրահոս