«Զարուհի Փոստանջյանի դստերը KT են արել, որի արդյունքն այդքան էլ լավ բան չի ասում». «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու ներկայացուցիչ
«Երեկ ուշ երեկոյան ես եղել եմ Զարուհի Փոստանջյանի և դստեր մոտ։ Երեխան անկողնային վիճակում էր, ուներ ուժեղ գլխացավեր, սրտխառնոց»,- այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու ներկայացուցիչ Գոհար Արշակյանը։
Գոհար Արշակյանի խոսքով՝ նա ապշել է, երբ տեսել է Զարուհի Փոստանջյանի կապտուկները։ «Մի՞թե այս երկրում կրկնակի անձեռնմխելի անձը կարող է հենց ոստիկանների կողմից նման բռնության ենթարկվել։ Ես զարմացած եմ»։
«Երկիր Ծիրանիի» ներկայացուցչը պատմեց, որ սկզբում բռնություն կիրառել են ոչ թե ոստիկանները, այլ քաղաքացիական հագուստով անձինք, որոնք, ենթադրվում է, որ հսկելիս են եղել շտաբը։ Ըստ նրա՝ Զարուհի Փոստանջյանը պատահական է հայտնվել այնտեղ։ Երբ տեսել է, որ թաղային հեղինակություններն այնտեղ են, հասկացել է, որ մի բան այն չէ։
Գոհար Արշակյանի խոսքով՝ սկզբում շտաբի աշխատակիցը մտածել է, թե ընտրազանգվածը եկել է գումար ստանալու, հետո, երբ երեխային նկարելիս տեսել է, նոր հասկացել է, որ Զարուհի Փոստանջյանն է։
«Սա սեփական ազգին ու ժողովրդին ստրկացնելու միտումն է, ուրիշ ոչինչ, և ամենամեծ ստրուկներն էլ հենց այդ գործիք ոստիկաններն են։ Զարուհու գործողություններն օրինաչափ էին, դեռ ավելին, Ոստիկանությունը պետք է խրախուսեր այս դեպքը»,- նկատեց նա։
Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի դստեր առողջական վիճակին՝ նա ասաց. «Երեխային KT են արել (համակարգչային տոմոգրաֆիա.- Ռ.Հ.), որի արդյունքն այդքան էլ լավ բան չի ասում։ Ինձ համար զարմանալի էր նաև այն, որ անգամ ոստիկաններ չեն գնացել։ Մարդն իր տան մեջ ընկնում է, ոտք-ձեռք կոտրում ու չի ուզում գնալ հիվանդանոց, ասում է՝ ոստիկանները գալու են, ընկնեն հետևիցս, ինչի՞ գնամ։
Իսկ հիմա ո՞ւր եք, պարոնա́յք ոստիկաններ։ Ի դեպ, այն մեքենան, որով տանում էին Զարուհի Փոստանջյանի աղջկան, չէր փչացել։ Իրենք զանգ են ստացել, զգացել, որ երեխային բերման ենթարկելը գլխացավանք է, և բաց են թողել նրան»։
Ռոզա Հակոբյան