Amnesty International-ն իրավապաշտպանների նկատմամբ բռնաճնշումների սաստկացում է արձանագրել
Իրավապաշտպաններն ամբողջ աշխարհում ավելի ու ավելի հաճախ են ենթարկվում ճնշման, հետապնդումների եւ բռնության: Այդ մասին ասված է Amnesty International միջազգային ոչ կառավարական կազմակերպության զեկույցում, որը հրապարակվել Է մայիսի 16-ին:
Վիճակագրության համաձայն, 2016 թվականին 22 երկրներում զոհվել է 281 իրավապաշտպան: Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին սպանվել էին մարդու իրավունքների համար պայքարող 156 մարտիկներ:
«Կառավարությունները, զինված խմբավորումները, կոնցեռնները եւ մյուս իշխանավորները ճակատային գրոհ են իրականացնում իրավապաշտպանների դեմ»,-ասված է զեկույցում, որից մեջբերում է անում Deutsche Welle ռադիոկայանը:
Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Եգիպտոսը, Չինաստանը, Հնդկաստանը, կառավարությունները «քաղաքացիական հասարակության դեմ այնպես են պայքարում, ասես, մարդու իրավունքների պաշտպանությունը հանցագործություն է», հայտարարել է Գերմանիայում Amnesty-ի ներկայացուցիչ Անդրեա Բերգը:
«Յուրաքանչյուր կառավարություն պետք թ երաշխավորի հասարակական այնպիսի միջավայր, որտեղ մարդու իրավունքների պաշտպանները կարող են աշխատել անվտանգության պայմաններում»,-ընդգծել է իրավապաշտպանը: 68 երկրներում իրավապաշտպաններին ձերբակալել են, 94-ում նրանք ենթարկվել են հարձակումների: Բացի այդ, 63 երկրներում իրավապաշտպանների վարկաբեկման արշավներ են ձեռնարկվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: