Բաժիններ՝

Գերմանիան չեն կարող շանտաժի ենթարկել. Մարտին Շուլցն ապշել է Թուրքիայի որոշումից

Գերմանիայի Սոցիալ­դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավար Մարտին Շուլցն ապշել է պաշտոնական Անկարայի որոշման առնչությամբ, որով արգելվել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա: Այս մասին նա ասել է գերմանական ARD հեռուստաընկերությանը:

«Գերմանիան չեն կարող շանտաժի ենթարկել: Եթե Մարտին Շուլցը լիներ վարչապետ, ապա պաշտպանության նախարար Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը վաղուց արդեն ստիպված էր լինելու այլընտրանքային ռազմաբազա որոնել»,­-ասել է նա:

Պաշտոնական Անկարան 2016 թվականին ևս նման էմբարգո էր դրել Ինջիրլիքում գերմանացի զինվորներին այցելել ցանկացող Բունդեսթագի պատգամավորների դեմ: Այդ ժամանակ արգելքի պատճառը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն էր:

«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի շրջանակում Ինջիրլիքի ռազմաբազայում ներկայում գտնվում է 260 գերմանացի զինվոր: Թուրքիայի կառավարությունը կրկին արգելել է Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա՝ տեսակցելու այնտեղ գտնվող գերմանացի զինվորներին: Գերմանիայի արտգործնախարարությունը հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելմիխին հայտնել է, որ թուրքական կառավարությունն իրենց մայիսի 10-­ին հայտնել է գերմանացի զինվորներին տեսակցելու համար ներկայացված պահանջի մերժումը: Հելմիխի կարծիքով՝ թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու դիմումները: Նա տեսակետ է հայտնել այն մասին, թե պաշտոնական Անկարայի մերժումից հետո Գերմանիան պետք է իր զինվորներին հետ կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ինջիրլիքի ռազմաբազային այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին: «Պետք է ուսումնասիրեն այլընտրանքները: Հորդանանը հավանական տարբերակներից է»,­-ասել է նա: Պաշտոնական Անկարան խնդրի առնչությամբ ասել է, թե այցն «այս պահին նպատակահարմար չէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս