Սիրիական զորքերը վերադարձրել են հսկողությունը Հալեպի մերձակա ռազմական օդանավակայանի նկատմամբ
Սիրիական բանակի մարտիկները «Իսլամական պետության» ահաբեկիչներին դուրս են մղել Հալեպից արեւելք ընկած էլ Ջարահ ռազմական օդանավակայանից, ինչի մասին հայտնել է Syria Al An լրատվական պորտալը:
Ըստ պորտալի տեղեկատվության՝ Սիրիայի ռազմաօդային ուժերի նախկին ավիաբազան, որը գտնվում է Եփրատ գետի Ասադ ջրամբարի մերձակայքում, ազատագրվել է կատաղի մարտերից հետո: կառավարական ուժերը ԻՊ-ի ելուզակախմբերից ազատել են նաեւ հարեւան մի քանի գյուղեր:
Ռազմաճակատի այս հատվածում սիրիացի զինծառայողները վերջին երեք ամսվա ընթացքում ազատել են 170 բնակավայրեր: Ներկայում զորքերը հարձակում են ծավալել Մեսքենի ուղղությամբ, որը գտնվում է ռազմական օդակայանից 5 կիլոմետր հեռավորության վրա եւ մնում ԻՊ-ի վերջին հենակետը ջրամբարի մոտ:
Մինչ այդ Սիրիայի դեմոկրատական միության ջոկատներն առաջ են շարժվում դեպի Ռաքա նահանգային կենտրոն, որը ԻՊ-ի գլխավոր հենակետն է Սիրիայում: Նրանք մայիսի 14-ին Ռաքայից հյուսիս գրավել են երեք բնակավայր՝ Աթշանան, Էլ Մալյալին եւ Թել Մոազը՝ ոչնչացնելով ԻՊ-ի 20 զինյալների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: