Մխիթարյանի վիճակագրությունը և գնահատականը Եվրոպա լիգայի կիսազրափակչում
Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդհանուր հաշվով կարողացավ հաղթել իսպանական «Սելտային» և դուրս գալ եզրափակիչ: Մանչեսթերյան ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով հրաշալի է հանդես գալիս Եվրոպա լիգայում, առաջին րոպեներից էր դուրս եկել դաշտ և փոխարինվեց 77-րդ րոպեին:
Վերջին շրջանում, երկրպագուները նշում են, որ Մխիթարյանը ցույց չի տալիս իրեն բնորոշ ստեղծարար ֆուտբոլը: Վերլուծաբանները դա բացատրում են թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի ընտրած մարտավարությամբ:
Sky Sports-ի տաղավարում քննարկումների ժամանակ փորձագետ Ջեյմի Ռեդնափին ապշեցրել էր հատկապես այն փաստը, որ Մխիթարյանը որոշ խաղերում հանդես է գալիս պաշտպանությունում: Ըստ Ռեդնափի՝ Եվրոպայում ամենից շատ գոլային փոխանցում անող ֆուտբոլիստը՝ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, իրավունք չունի խաղալ պաշտպանությունում, քանի որ դա վատագույն դիրքն է նման արդյունավետ ֆուտբոլիստի համար:
Չնայած ոչ նպաստավոր խաղային դիրքին՝ Մխիթարյանը բավականին բարձր միավորներ է ստացել հեղինակավոր Whoscored պարբերականի կողմից: Մխիթարյանը ստացել է 7.4 գնահատականը: Նրանից բարձր ստացել է միայն Մարուան Ֆելաինին, ով մանկունյանցիների միակ գոլի հեղինակն է: Ֆելաինիի գնահատականը 8 է:
Պարբերականը Մխիթարյանին, Ֆելաինիին և թիմի դարպասապահ Ռոմերոյին ընդգրկել է նաև Եվրոպա լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականում:
ՈՒԵՖԱ- ի պաշտոնական կայքը հրապարակել է Եվրոպա լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը, որտեղ ևս ընդգրկված են Մխիթարյանն ու Ֆելաինին: ՈՒԵՖԱ-ի խորհրդանշական հավաքականում է նաև Վալենսիան: Խաղի ընթացքում Մխիթարյանը կրկին աչքի է ընկել փոխանցումների ճշգրտությամբ: Կատարած 31 փոխանցումների 77 տոկոսը ճիշտ են եղել: Անկեղծության համար պետք է նշել, որ Մխիթարյանը սովորաբար գրանցում է փոխանցումների ճշգրտության ավելի բարձր ցուցանիշ: Մխիթարյանը խաղի ընթացքում 2 անգամ հարվածել է դեպի դարպասը:
Սիրարփի Աղաբաբյան