«Ամեն ինչ անելու եմ Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար». Արծվիկ
«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկը մարտական է տրամադրված: Նա պատրաստվում է լավագույնս երգելու թե գլխավոր փորձին, որի ընթացքում ժյուրին գնահատելու է, թե եզրափակիչ համերգում:
«Ես ամեն ինչ անելու եմ այս երգի միջազգային մրցույթում լավ երգելու և Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար: Ասեմ, որ տրամադրությունս շատ բարձր է: Շատ ոգևորված եմ իմ կատարման վերաբերյալ ստացած արձագանքներից: Անսահման շնորհակալ եմ ինձ սատարելու համար, դա, իսկապես, շատ կարևոր է: Առաջին կիսաեզրափակիչի ելույթից հետո վստահ եմ, որ թռչելու համար թևեր պետք չեն: Այնպես որ, վաղը ևս հեռուստադիտողները մասնակից կլինեն հիշարժան տպավորիչ թռիչքի»,-Կիևից «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արծվիկը:
Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում մայիսի 13-ին կկայանա «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը: Արծվիկը «Եվրատեսիլ-2017»-ի եզրափակիչում ելույթ կունենա 5-րդ համարի ներքո:
Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկն այսօր կմասնակցի եզրափակչից առաջ գլխավոր երկու փորձերի, որոնցից վերջինը կգնահատվի ժյուրիի անդամների կողմից:
Մրցույթի վերջնական հաղթողը կորոշվի պրոֆեսիոնալ ժյուրիի եւ sms քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ: