ՆԱՏՕ-ն չի մասնակցելու Սիրիայի և Իրաքի մարտական գործողություններին. Ստոլտենբերգ
Հյուսիսատլանտյան դաշինքը Սիրիայում եւ Իրաքում անմիջականորեն չի մասնակցելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ անցկացվող մարտական գործողություններին: Այդ մասին Բեռլինում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած բանակցությունների արդյունքները:
«Նույնիսկ կոալիցիայի մեջ մտնելու դեպքում նրա դերը չի փոխվի, դաշինքը չի մասնակցի Սիրիայի եւ Իրաքի մարտական գործողություններին»,-ասել է նա:
Ներկայում ՆԱՏՕ-ն հետախուզական տեղեկատվություն է տրամադրում տարածաշրջանի իրադրության վերաբերյալ եւ ուսուցանում է Իրաքի անվտանգության ուժերին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը։