«Մեր զինված ուժերը գտնվում են բարձր մարտական պատրաստվածության վիճակում». Արծրուն Հովհաննիսյան

Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում իրավիճակը հանգիստ է՝ ադրբեջանական կողմի նախորդ օրվա ակտիվացումներից հետո: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանին այս պահին ամեն ինչ հանգիստ է:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կարելի է սպասել ադրբեջանական կողմից Հաղթանակի, Շուշիի ազատագրման օրվան ընդառաջ, Հովհաննիսյանը նշեց, որ հաշվի առնելով ադրբեջանական կողմի տրամաբանությունն ու գործելակերպը` ամեն ինչ հնարավոր է. «Սակայն մեր զինված ուժերը գտնվում են բարձր մարտական պատրաստվածության վիճակում»:

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի խոսքով` արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը վերահսկելի է, և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակն ամբողջությամբ կատարում է իր առջև դրված խնդիրները և պահպանում երկրի անվտանգությունը:

«Ադրբեջանն այս օրերին ավելի ընդգծված ապակառուցողական քաղաքականություն է վարում և պարտադիր չէ դրանք միայն սահմանին զինադադարի խախտումներով լինեն, այլ` այսպես կոչված լրտեսային սկանդալի միջոցով, որն իրականության հետ ոչ մի կապ չունի»,- ասաց Բաբայանը` հավելելով, որ նման դրսևորումը պայմանավորված է Ադրբեջանի ներքին քաղաքական խնդիրներով: «Որպեսզի միջազգային հանրությունը չդիտարկի դրանք որպես մարդու իրավունքների ճնշում` Ադրբեջանը պարզապես հայկական թշնամական երանգ է փորձում հաղորդել այդ ամենին: Այն պատեհ առիթ է եռատոնի օրերին նման քաղաքականություն վարելու համար, որպեսզի բնակչության և միջազգային հանրության ուշադրությունը շեղի»,- նշեց նա` մանրամասնելով, որ դրանք ընդամենն ալիևյան կլանի՝ իշխանությունը պահպանելու փորձված մեխանիզմներ են, որն Ադրբեջանը միշտ օգտագործում է:

Բաբայանը նաև հավելեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի վաղվա տոնական միջոցառումներն իրականացնեն: Նրա խոսքով`  բանակի մարտունակությունը բերվել է բարձր պատրաստվածության աստիճանի և ամեն ինչ անելու են, որպեսզի պաշտպանեն երկրի խաղաղությունը և կայունությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031