Մերկելը Մակրոնից առաջարկություններ է ակնկալում քաղաքական համագործակցության շուրջ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքին է, որ Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնի հետ քաղաքական հարաբերությունների մակարդակը բարձր կլինի, բայց կոնկրետ բաների մասին խոսելու համար հարկավոր է սպասել նրա կողմից արվելիք առաջարկություններին: Այդ մասին Գերմանիայի կառավարության
ղեկավարը հայտարարել է մայիսի 8-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում:
«Չեմ կասկածում Մակրոնի հետ լավ համագործակցությանը, բայց կարծում եմ, որ հարկ է սպասել, մինչեւ որ նա ստանձնի պաշտոնը եւ հայտնի իր ցանկությունները: Այդժամ հասկանալի կդառնա՝ որ կետերի շուրջ մենք ընդհանուր դիրքորոշումներ ունենք»,-ասել է կանցլերը:
Այսօր ավելի վաղ Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ նորընտիր նախագահին՝ «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնին, լիազորությունների հանձնումը տեղի կունենա մայիսի 14-ին: Օլանդի մանդատը լրանում է մայիսի 14-ի կեսգիշերին: Էմանուել Մակրոնը համոզիչ հաղթանակ է տարել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների՝ մայիսի 7-ին կայացած երկրորդ փուլում՝
հավաքելով ձայների 66,10 տոկոսը: Մակրոնի օգտին քվեարկել է 20,7 մլն ընտրող: Նրա մրցակցուհին՝ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը, ստացել է ձայների 33,9 տոկոսը: Ընդամենը նրա օգտին իրենց ձայները տվել են ավելի քան 10,6 մլն ընտրողներ: Սպասվում է, որ առաջին արտասահմանյան այցը Մակրոնը կկատարի Գերմանիա, հաղորդել ՏԱՍՍ-ը: