Բաժիններ՝

Մեյը հուսով է, որ բրիտանացիներն իրեն կօժտեն նույնքան զորեղ մանդատով, որպիսին ունի Մակրոնը

Մեծ Բրիտանիայի վարչապետ եւ Պապանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյը կցանկանար Brexit­-ի պայմանների շուրջ Եվրամիության իշխանությունների հետ առաջիկա բանակցություններում ունենալ նույնքան գործուն մանդատ, որքան եւ Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնը: Այդ մասին նա հայտարարել է հունիսի 8­-ի վաղաժամկետ համընդհանուր ընտրություններին նախորդող քարոզարշավի շրջանակներում Լոնդոնի Արեւմտյան Հերոու ընտրատարածքում իր կողմնակիցների հետ կայացած հանդիպմանը:

«Երեկ Ֆրանսիան ընտրեց նոր նախագահին: Նրան ընտրեցին՝ օժտելով լայն լիազորությունների մանդատով, ինչը ուժեղացնում է նրա դիրքը բանակցություններում: Մենք պետք է երաշխավորենք, որ բանակցություններ վարելու համար նույնքան գործուն մանդատ կունենա նաեւ Մեծ Բրիտանիան: Իմ ու իմ թիմի օգտին տրված յուրաքանչյուր ձայնը կուժեղացնի իմ դիրքը այդ բանակցություններում»,­-ասել է Մեյը:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնը մտադիր է խիստ մոտենալ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի հարցին, ինչի մասին հայտարարել է հանրապետության նոր ղեկավարի խորհրդական  Ժան Պիզանի Ֆեռին: Նա BBC­-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ Մակրոնը կլինի «խիստ եւ պահանջկոտ գործընկեր», բայց չի պահանջի «պատժել» Մեծ Բրիտանիային:

Միեւնույն ժամանակ պաշտոնյան ասել է. «Չեմ կարծում, թե ինչ­որ մեկը շահագրգռված է կոշտ Brexit­-ի հարցում»: Նրա խոսքով՝ «բոլորի շահերից է բխում» կայուն տնտեսական, գիտական կապերի եւ անվտանգության բնագավառում կապերի պահպանումը Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի միջեւ՝ տնտեսական բարգավաճման վիճակը պահպանելու համար, որը գոյություն ունի»: «Մենք պետք է նոր հարաբերություններ կառուցենք»,­-ընդգծել էՊիզանի Ֆեռին, հաղորդել է ՏԱՍՍ-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս