Յունկերը Թուրքիայում մահապատժի վերականգնումը ԵՄ հետ հարաբերությունների վերջն է համարում
Եվրոպական հանձնաժողովի նախագահ ԺանԿլոդ Յունկերը հերթական անգամ հայտարարել է, որ Թուրքիայում մահապատժի վերականգնման պարագայում այդ երկրի մուտքը Եվրամիություն անհնարին կդառնա: Այս մասին Յունկերը խոսել է գերմանական Rheinische Post պարբերականի հետ զրույցում: Նա ընդգծել է, որ ԹուրքիաԵՄ բանակցություններն արդեն այս պահին «դե ֆակտո» սառեցված վիճակում են՝ հավելելով, որ հարաբերությունները խզելու մասին վերջնական որոշումը կայացնելու է ոչ թե Եվրահանձնաժողովը, այլ ԵՄ անդամ երկրները:
«Անդամակցության գործընթացի հիմնական սկզբունքները պարզ են և ամրագրված են ԵՄ համաձայնագրերում: Թուրքիան՝ որպես Եվրահանձնաժողովի անդամ և ԵՄ թեկնածու երկիր, պարտավոր է ենթարկվել մեր հիմնական արժեքները համարվող մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ազատություններին: Այս հարցում անգամ մեկնաբանության կարիք չկա: Մայիսի վերջին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հնարավորություն կլինի այդ հարցերն ուղղել անմիջապես նախագահ Էրդողանին: Կտեսնենք, թե ինչպիսի ապագա է տեսնում Թուրքիայի համար՝ Եվրոպայի հետ, թե առանց նրա»,-ասել է Յունկերը:
Անդրադառնալով մահապատժի վերականգնման հնարավորությանը՝ նա ընդգծել է, որ դա «կարմիր գծերից ամենակարմիրն է»: «Եթե մահապատժի վերականգնումը խոսքից այն կողմ անցնի, ապա դա ամենաբացահայտ կերպով կդառնա եվրոպական ընտանիք Թուրքիայի անդամակցության վերջը: Այն պատճառ կդառնա հարաբերությունների խզմանը, քանի որ մեր ճանաչած ժողովրդավարությունը նախատեսում է հարգել մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը»,-հայտարարել է Յունկերը։