Պյոտր Սվիտալսկին՝ ԵՄ պատվիրակության հատկացրած դրամաշնորհներից կատարված հափշտակությունների մասին
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից կատարված հափշտակությունների դեպքերը բացահայտվել են ԵՄ պատվիրակության կողմից: Մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: «Սա խոսում է այն մասին, որ Եվրոպական Միության ընթացակարգերը, վերահսկման մեխանիզմները լավ են աշխատում»,- նշեց դեսպանը:
Նրա գնահատմամբ` ԵՄ պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից կատարված հափշտակությունների դեպքերը Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցությունը կարող է ավելի ուժեղացնել և խորացնել ի շնորհիվ հայ քննիչների և Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի քննիչների սերտ համագործակցության:
«ԵՄ պատվիրակությունը տվյալները փոխանցել է մեր մասնագիտացված կառույցին: Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակը իրականացրել է այդ դեպքերի հետ կապված սեփական, ներքին վերլուծությունը, կատարել որոշակի եզրահանգումներ: Սա դրական է խոսում Եվրոպական Միության կազմում նմանատիպ անկախ հակակոռուպցիոն մարմնի մասին»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ այս մարմինն իր գործունեությամբ կարող է օրինակ լինել Հայաստանի համար, որ այստեղ էլ ստեղծվի հակակոռուպցիոն անկախ մարմին, որի աշխատանքը կարող է լինել խիստ արդյունավետ, տալ անհրաժեշտ արդյունք:
Սվիտալսկին հավելեց, որ երկու կողմերի շահերից է բխում լրջորեն վերաբերվել նման դեպքերին և ազդակներին, ՀՀ-ԵՄ համագործակցությունը զերծ դարձնել նմանատիպ զարգացումներից: Նա նշեց, որ ԵՄ երկրներում տարեկան մոտ 1 միլիարդ եվրո վատնվում է կոռուպցիոն սկանդալների հետևանքով, բայց ԵՄ-ն բաց է խոսելու դրա մասին, վճռական է պայքարելու կոռուպցիայի դեմ` անկախ նրանից, թե որն է դրա աղբյուրը: