«Հայաստանի տարածքում այլ երկրների ռազմական բազաներ բացելու քննարկումներ չկան». Վիգեն Սարգսյան
Հայաստանի տարածքում այլ երկրների ռազմական բազաներ բացելու քննարկումներ այս պահին չկան: Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Մենք նման դիմում չունենք նաև ռուսական կողմից: Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազան շատ կարևոր նշանակություն ունի մեզ համար: Մենք մեր ռուս գործընկերների հետ հետաքրքիր շփումներ ենք ունենում` այն ավելի արդիական դարձնելու, հնարավորություններն ավելի ընդլայնելու ուղղությամբ: Կան հստակ թեմաներ, ուղղություններ, որտեղ մեր համատեղ աշխատանքի արդյունքում կարող են ի հայտ գալ համագործակցության նոր ձևաչափեր: Մասնավորապես, ես արդեն խոսել եմ հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցության մասին: Կան թեմաներ, որոնք մենք պետք է միասին շատ ակտիվ քննարկենք»,- ասել է Վիգեն Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ Գյումրին շատ կարևոր հարթակ է հայ-ռուսական փոխգործակցության համար: «Այնտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, այնտեղ ապրում են բազմաթիվ զինծառայողների ընտանիքներ և ավանդաբար այդ քաղաքում միշտ զարգացած են եղել արտադրական հզորությունները: Իհարկե, այդ քաղաքի ճակատագիրը մի փոքր բարդացավ 1988թ. տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով, երբ տուժեց քաղաքի ենթակառուցվածքների նշանակալի հատվածը, սակայն հիմա քաղաքն ակտիվորեն վերականգնում է իր երբեմնի դիրքերը, այդ թվում` արդյունաբերության ոլորտում: Այնտեղ հիմա կան նաև ռա զմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ: Մենք քննարկում ենք այս ուղղությամբ հնարավորություններն ընդլայնելու և Գյումրին Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության հարթակ դարձնելու հարցը»,- մանրամասնել է Վիգեն Սարգսյանը: