Բաժիններ՝

«Ո՛չ ջուրն են միացնում, ո՛չ գրավոր պատճառաբանություն են ուղարկում. ջրազրկել են և վերջ». «Բիզոն» ՍՊԸ-ն դատի է տվել «Վիոլա-Ջուր» ընկերությանը

Կաշվի արտադրությամբ զբաղվող «Բիզոն» ՍՊԸ-ն դատի է տվել «Վիոլա-Ջուր» ՓԲԸ-ին։ 168.amի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սարգիս Խաչատրյանն ասաց, որ «Բիզոն» ՍՊԸ-ն հանդիսանում է «Վիոլա-Ջուր» ՓԲԸ-ի բարեխիղճ բաժանորդներից մեկը, և խնդիրն այն է, որ 2017 թվականի մարտի 14-ին «Վիոլա-Ջուր» ընկերության աշխատակիցները, առանց նախազգուշացնելու, դադարեցրել են «Բիզոն» ՍՊԸ-ի ջրամատակարարումը՝ պատճառաբանելով, որ սահմանազատման կետում առկա է խողովակի վնասվածք։

«Այդ վթարը մեր ընկերության միջոցների հաշվին և աշխատակիցների կողմից անմիջապես վերացվում է, բայց մինչև վերացնելը «Վիոլա-Ջուր» ընկերությունը ջրամատակարարումը դադարեցնում է։ Ինչ ասում եմ, բանավոր է, որևէ գրավոր փաստաթուղթ չկա այս ամենի վերաբերյալ։ Մինչև այդ ասում էին՝ վթարը վերացրեք՝ օգտվեք, բայց վթարը վերացնելուց հետո մեր ջրմամատակարարումը չվերականգնվեց։ «Վիոլա-Ջուր» ընկերությունից պատճառաբանում են, թե անհրաժեշտ է ջրաչափական հաշվիչ սարքը տեղափոխել անմիջապես մեր ջրագծի միացման մաս, որը մեր ընկերության տարածքից հեռու է մոտ 800-1000 մետր:

Մենք հրաժարվեցինք, քանի որ այդ ջրագծից օգտվում են նաև այլ կազմակերպություններ։ Ստացվում է, որ մեր ջրաչափը պետք է տեղափոխենք, և մյուս կազմակերպությունների հետ էլ ենթաաբոնենտային պայմանագրեր կնքենք»,- պարզաբանեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30.11.2016 թվականի թիվ 378-Ն որոշման 1-ին գլխի 11-րդ կետով հստակ սահմանվում է, որ բաժանորդ կազմակերպության և ջրամատակարար կազմակերպության սահմանազատման կետը հանդիսանում է «Բիզոն» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող տարածքը, որտեղ էլ ըստ էության պետք է տեղադրվի առևտրային հաշվառման սարքը:

«Մենք գրավոր դիմել ենք «Վիոլա-Ջուր» ընկերությանը, Ջրային պետական կոմիտեին, վարչապետի աշխատակազմին, նաև՝ ՀԾԿՀ-ին, որտեղից պահանջել են «Վիոլա-Ջուր» ընկերությունից պատռճառաբանություն. «Պատճառաբանության մեջ ընդամենը մեկ տող է նշված, թե իբր «Վիոլա Ջուր» ՓԲԸ-ն «Բիզոն» ՍՊԸ-ի ներկայացուցչին առաջարկել է իր աջակցությունը վթարի վերացման հարցում` առևտրային հաշվառքի սարքը միացման կետ տեղափոխելու պայմանով, իսկ մենք հրաժարվել ենք։

Կարդացեք նաև

Աբսուրդ պատասխան, որին գրավոր պատասխան եմ ուղարկել ՀԿԾՀ, որ ներկայացված պատճառաբանությունները լրիվ օրենքի չիմացության պատճառ են։ Հիմա ստացվում է, որ մեր հաշվին «Վիոլա-Ջուր» ընկերության խողովակներն ենք վերանորոգում, բայց ջրամատակարարումից զրկված ենք և կանգնել ենք նման խնդրի առաջ։ Հիմա ջուր չունենք, ընկերությունը զբաղվում է կաշվի մշակման արտադրությամբ, ու ջրի անհրաժեշտությունը մեծ է։ Հումքի մի խմբաքանակ արդեն փչացրել ենք ու կանգնել ենք կրախի առաջ. ո՛չ ջուրն են միացնում, ո՛չ գրավոր պատճառաբանություն են ուղարկում, ո՛չ օրենքի կետով պահանջ են ներկայացնում, ոչինչ չեն անում, ջրազրկել են, և վերջ»։

Նրա խոսքով՝ օրենքով սահմանված կարգով իրենք դիմել են դատարան՝ պարտավորեցման պահանջով. «Իմ տեղեկություններով՝ արդեն իսկ արգելանքի որոշում կա՝ ջրազրկումը վերացնելու վերաբերյալ, բայց դեռ ջուր չեն մատակարարում։ Չորեքշաբթի օրը պետք է ԴԱՀԿ-ին դիմենք, մեր ջուրը միացնեն, մինչև մեր խախտված իրավունքները դատական կարգով վերականգնենք»։

Նա նշեց, որ վերոնշյալից ելնելով և ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ, 87-րդ, և 88-րդ հոդվածներով, դատարանին խնդրել են պարտավորեցնել «Վիոլա-Ջուր» ընկերությանը վերացնել իրենց խախտված իրավունքը և վերականգնել ջրամատակարարումը։

«Իմ վստահորդ կազմակերպության իրավունքները խախտվել են, և մենք մինչև վերջ, օրենքով սահմանված կարգով պահանջելու ենք վերականգնել մեր ամբողջ խախտված իրավունքները, այդ թվում՝ մեր կրած վնասները։ Բայց այս պահին վնասների մասին որևէ պահանջ դեռ չենք ներկայացրել»։

Այս խնդրի վերաբերյալ «Վիոլա-Ջուր» ընկերության տեսակետը կփորձենք ներկայացնել առաջիկայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս