Facebook, Google և Twitter ընկերությունների դեմ նոր դատական հայց է ներկայացվել
Չնայած ԱՄՆ-ի դաշնային օրենսդրության սահմանափակումներին՝ վերջին ամիսների ընթացքում Միացյալ Նահանգներում ավելացել են IT ընկերությունների դեմ ներկայացված դատական հայցերի թիվը:
Կալիֆոռնիայի Սան Բերնարդինո քաղաքում 2015 թվականի հրաձգությունից սպանվածներից 3-ի ընտանիքի անդամները դատի են տվել Facebook, Google և Twitter ընկերություններին ԴԱԵՇ-ի գործունեությունների տեսագրությունները սոցցանցերում հասանելի դարձնելու համար:
Դատական հայցով զոհվածների հարազատները մեղադրում են խոշոր տեխնոլոգիական ընկերություններին ԴԱԵՇ-ի անդամների օգտատիրական հաշիվները սոցցանցերում ժամանակին չբացահայտելու, չարգելափակելու, ինչպես նաև՝ ԴԱԵՇ-ի գրառումների կողքին տեղադրված գովազդից շահույթ ստանալու համար: Google-ը նաև մեղադրվում է ստացված շահույթը խմբավորման հետ կիսելու մեջ։
Միացյալ Նահանգներում անցած ամիսներին ավելացել է նմանատիպ դատաքննությունների թիվը՝ չնայած, որ ԱՄՆ-ի դաշնային օրենսդրությամբ, առցանց գործունեություն ծավալող IT ընկերությունները պատասխանատվություն չեն կրում օգտատերերի գրառումների համար:
28-ամյա Սայիդ Ֆարուքը և նրա կինը՝ Թաշֆին Մալիքը, 2015 թվականի դեկտեմբերի 2-ին հրաձգություն էին իրականացրել Կալիֆոռնիայի Սան Բեռնարդինո քաղաքում, որի հետևանքով զոհվել էր 14 անզեն մարդ: Ամուսինները սպանվել էին ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում: