ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը խստապահանջ պաշտոնյայի տպավորություն է թողնում
Միայն երեք ամիս առաջ էր, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը հանձնեց Նիքքի Հեյլիին: Սակայն այս երեք ամիսների ընթացքում վերջինս իրեն կարողացել է դրսեւորել որպես խստապահանջ ու կարծր խառնվածքիտեր պաշտոնյա, ինչը նրա վրա է սեւեռել ՄԱԿ-ի ուշադրությունը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Հունվարի վերջին, երբ ԱՄՆ-ի Հարավային Քարոլինա նահանգի հանրապետական նահանգապետ Նիքքի Հեյլին ժամանեց Նյու Յորք որպես ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան, միջազգային այս կազմակերպությունում տարակուսանք առաջ բերեցին նրա առաջին խոսքերն այն մասին, որ իր նպատակն է լինելու ՄԱԿ-ում ցուցադրել ԱՄՆ-ի կամքը: «Մեր արժեքների ցուցադրումը տեղի է ունենալու մեր կամքի ցուցադրման միջոցով»,- հայտարարում էր նա:
«Իսկ նրանք, ովքեր չեն կանգնում մեր կողքին, մենք գրառում ենք նրանց անունները, եւ պատրաստ ենք հակադարձել նրանց ըստ արժանվույն»,- ասել էր նա:
Ի դեպ, այդ օրից ի վեր, նա իրոք գրանցել է մի շարք անուններ:
Նա զայրույթով է խոսել Ռուսաստանի ու Չինաստանի մասին այն պատճառով, որ երկու այդ երկրները «որոշել են Սիրիայում քիմիական զենք կիրառելու համար պատասխանատու չհամարել նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգը»:
Խոսելով Հարավային Սուդանի մասին՝ նա ասել է.
«Եթե իրոք մտածում եք այդ երկրի ժողովրդի մասին, ուրեմն այդ երկրի կառավարությանը պիտի ասենք, որ մենք այլեւս չենք հանդուրժելու այն, ինչ տեղի է ունենում այնտեղ»:
Հեյլին նաեւ հանդես է եկել Եվրոպան ապակայունացնելու Ռուսաստանի քայլերը դատապարտող սուր հայտարարություններով:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի խոսքերն աչքի են ընկել նաեւ, երբ դրանք վերաբերել են Իսրայելի նկատմամբ ՄԱԿ-ի դիրքերին:
«Ես այստեղ եմ՝ շեշտելու ՄԱԿ-ի հակաիսրայելյան կեցվածքի դեմ ԱՄՆ-ի դիրքերը»,- հայտարարել է նա:
Սակայն նրա առջեւ կանգնած ամենամեծ առաջադրանքը հետեւյալն է, թե ինչպես պիտի իրականացնի ՄԱԿ-ին ԱՄՆ-ի հատկացումների ծավալները կրճատելու գործը:
Ինչպես վերլուծաբաններից շատերն են ասում, Հեյլիի մոտ ավելի շատ նկատելի է ցուցադրությունը, քան գործի էությունը: Այնպես որ, չեմ կարրծում, թե Հեյլին արմատական փոփոխություններ է իրականացնում ՄԱԿ-ի դիվանագիտության բնագավառում, ասում է վերլուծաբաններից Ռիչարդ Գոուանը:
Սակայն այլոք, ինչպես Հարավային Քարոլինայի համալսարանի դասախոսներից Բոբ Օլդենդիքն է ասում, չնայած արտաքին հարաբերությունների հարցերում սահմանափակ փորձառությանը, Հեյլին նշանակալի քայլեր է իրականացրել:
Փոքր չէ նրանց թիվը, ովքեր կարծում են, որ քառասունհինգամյա այս կինը մի օր կարող է հայացքը հառել ավելի բարձր աթոռների, օրինակ պետքարտուղարի տեղի վրա: Իսկ եթե եկող տարիները հաջող լինեն այս վարչակազմի համար, նրա հայացքը կարող է ուղղվել նաեւ դեպի Սպիտակ տուն: