Նյու Յորքում բացվել է արվեստի գործերի և անտիկվարիատի TEFAF տոնավաճառը
Արվեստի ստեղծագործությունների եւ անտիկվարիատի Եվրոպայում առաջատար TEFAF տոնավաճառը տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգեներ: Աշխարհի ամենահեղինակավոր արտցուցահանդեսում, որը մայիսի 4-ին բացվել է Նյու Յորքում, ներկայացված են շուրջ 100 ցուցանմուշներ՝ արվեստի, կահույքի առարկաներ եւ ոսկերչական զարդեր, որոնք լավագույնն են մասնագետների եւ հավաքորդների տեսակետից։
Առաջին օրը արտտոնավաճառ, որը կշարունակվի մինչեւ մայիսի 8-ը, այցելել են ավելի քան երկու հազար հյուրեր, այդ թվում՝ հայտնի դիզայներներ, դերասաններ ու հեռուստահաղորդավարներ: Ներկայիս ցուցահանդեսը թվով արդեն երկրորդն է, որը կազմակերպվել է Միացյալ Նահանգների տարածքում:
Առաջինն անցյալ տարվա աշնանը կայացել է Նյու Յորքում, բայց անցկացվել է փորձնական ռեժիմով: Ներկայիս՝ գարնանային ցուցադրությունը համարվում է առաջին լիամասշտաբ միջոցառումը, ընդ որում՝ կազմակերպիչները շեշտը դրել են ժամանակակից արվեստի աշխատանքների վրա՝ նոր սերնդի հավաքորդների ուշադրությունը գրավելու համար:
Տոնավաճառի աշխատանքի առաջին օրն իրենց նոր տերերին գտել են արդեն մի քանի թանկարժեք ու նշանակալի ցուցանմուշներ, այդ թվում՝ ճապոնացի նկարչուհի Ռուտ Ասավայի ծավալուն քանդակը (1,5 մլն դոլար):
Սակայն ներկայիս տոնավաճառի մեխը դարձել է ամերիկացի աբստրակցիոնիստ նկարիչ Սայ Թվոմբլիի վրձնի՝ 1968 թվականի անանուն աշխատանքը: Այն մասնավոր հավաքորդներից մեկը ցուցադրում է մոտավորապես 6,5 մլն դոլար գնով: Ամերիկացի փոփարտի հայտնի նկարիչ Էդ Ռուշեյի կտավն այստեղ վաճառվում է 235 հազար դոլարով:
TEFAF եվրոպական ցուցահանդեսն ավանդաբար անցկացվում է Նիդեռլանդների Մաաստրիխտ քաղաքում եւ առաջին անգամ կազմակերպվել է 1975 թվականին: TEFAF-ի նյույորքյան տոնավաճառն առավելապես հավակնում է արժանանալ ամերիկացի այն հավաքորդների ուշադրությանը, որոնք նախընտրում են դուրս չգալ ԱՄՆ-ի սահմաններից, հաղորդել է ՏԱՍՍ-ը։