Բաժիններ՝

«2017թ. Հայաստանի տնտեսության կայունացման և ապաքինման տարի է». Վարդան Արամյանի հարցազրույցը Emerging Europe-­ին

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշում է, որ 2017 թվականին Հայաստանում նախատեսվում է ՀՆԱ-­ի 3.2 տոկոս աճ: Այս մասին նախարարը նշել է «Emerging Europe» հեղինակավոր պարբերականին տված հարցազրույցում:

Արամյանը հարցազրույցի ընթացքում պատմել է երկրի աճող մակրոտնտեսական կայունության և կանխատեսումների, ինչպես նաև գործարար միջավայրը բարելավող բարեփոխումների մասին:

Նախարարն, անդրադառնալով 2013-­2015 թվականների տնտեսական աճի բարձր ցուցանիշներին, հիշեցրել է Հայաստանի համար 3 կարևոր գործոնների մասին, որոնք ազդել են երկրի տնտեսական ակտիվության վրա: Նրա խոսքով` 2011 թվականին կեսերին պղնձի գները հասել էին առավելագույնի` 1 տոննայի համար 9300 դոլարի, որից հետո աստիճանաբար սկսել են նվազել` 2016 թվականի սկզբին հասնելով նվազագույն ցուցանիշի: Ըստ նախարարի` դա մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա, քանի որ երկիրն արտահանում է պղինձ և մոլիբդեն: Դրա հետ մեկտեղ, այդ ժամանակահատվածում խոշոր չափի կապիտալ ներհոսքերը զարգացող երկրներից տեղափոխվեցին զարգացած երկրներ: Նախարարը նաև առանձնացրել է 2014 թվականին Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, քանի որ երկու երկրներն ունեն մի շարք տնտեսական կապեր:

«Մենք խստացրեցինք դրամավարկային քաղաքականությունը և փորձեցինք ուղղել անհարկի արժեզրկման հետ կապված բացասական սպասումները: Մեկ այլ տեսանկյունից` խստացված դրամավարկային քաղաքականության զսպվող ներգործությունը փոխհատուցելու համար, մենք մեղմեցինք ֆինանսական պայմանները և երկու տարի անընդմեջ թույլ տվեցինք մեծացնել դեֆիցիտը»,­- ասել է նախարարը:

Արամյանը նաև հիշեցրել է, որ 2014 թվականի դեկտեմբերին դրամավարկային վերահսկողության մարմինները կտրուկ ավելացրել են պահուստային պահանջները` 12 տոկոսից հասցնելով 24­-ի, իսկ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 8.5-­ից` 10.5­-ի:

«Այս գործողությունը նվազեցրեց ֆինանսական շուկայի մասնակիցների «ախորժակը» տեղական արժույթով փոխառություններ և դոլարով առևտուր իրականացնելու համար, քանի որ տեղական արժույթը դարձավ բավականին թանկ նման «խաղերի» համար: Մենք հասկանում էինք, որ այդ քայլը կունենա իր գինը, բայց միշտ հարկավոր է մի բան զոհաբերել ինչ­որ այլ բան ստանալու համար: Մենք արժույթային շուկայում չունեցանք այնպիսի ցնցումներ, ինչպես եղավ Ադրբեջանում Ղազախստանում, Բելառուսում կամ Ռուսաստանում: Մենք պահպանեցինք բավականին ճկուն ֆինանսական քաղաքականությունը: Իր հերթին, այն մեր վրա անդրադարձավ պետական պարտքի ավելացմամբ, քանի որ մենք ստիպված էինք փոխառու միջոցներ ներգրավել և ֆինանսավորել բյուջեի դեֆիցիտը: Այն ավելի բարձր եղավ, քան նախատեսվել էր 2015 և 2016 թվականների համար: Այդ պատճառով էլ մենք 2015 թվականին դեֆիցիտ/ՀՆԱ նախատեսված 3 տոկոսից շեղվեցինք դեպի 4.8 տոկոս: 2016 թվականին մենք զգացինք, որ դեռ չենք հաղթահարել ներքին բացասական այդ երևույթը, քանի որ նախատեսված 4 տոկոսից դեֆիցիտ/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը հասավ 5.5 տոկոսի: Չնայած դրան` մենք հիմք ստեղծեցինք հետագայում հզոր կայունացման համար»,-­ նշել է Արամյանը:

Նախարարն, անդրադառնալով ՀՀ պետական պարտքի ցուցանիշին, ասել է, որ պարտքի կայունությունը կարևոր նախապայման է համարվում հարկաբյուջետային քաղաքականության համար: Նրա խոսքով` ներդրողները դիտարկում են` արդյոք մենք ունենք պարտքի աճի նկատմամբ համապատասխան վերահսկողություն:

«Մակրոտնտեսական կայունությունը կարևոր է օտարերկրյա ներդրողների համար: Այն ներդրողներ ներգրավելու համար առաջին կարևոր նախապայմանն է: Նրանց հարկավոր է տեսնել համապատասխան կանխատեսումներ և հստակ պատկերացումներ ունենալ այն մասին, թե ինչ և ինչպիսի քայլեր է իրականացնում կառավարությունն այդ ուղղությամբ: Եթե մենք չենք կարող բավարարել նրանց այդ պահանջը, ապա չենք էլ կարողանա նրանց հրավիրել մեր շուկա»,-­ ընդգծել է նա` հավելելով, որ միջնաժամկետ հեռանկարում կապահովվի պարտքի և մակրոտնտեսական կայունությունը:

Արամյանի կարծիքով` 2017 թվականը լինելու է կայունացման և ապաքինման տարի, իսկ 2018 և 2019 թվականների համար ակնկալում է ավելի բարձր տնտեսական ցուցանիշներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս