Էրդողանը վերադարձել է Թուրքիայի իշխող կուսակցության շարքերը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 33 ամսվա դադարից հետո կրկին վերադարձել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերը: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Կուսակցության գլխավոր շտաբում կազմակերպված պաշտոնական արարողության ժամանակ Էրդողանը ստորագրել է կուսակցության անդամակցության դիմումը:
Նրան դիմավորել են ներկա և նախկին վարչապետներ Բինալի Յըլդըրըմը և Ահմեդ Դավութօղլուն: Ուշագրավ է, որ նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը և կուսակցության հիմնադիրներից համարվող նախկին փոխվարչապետ Բյուլենթ Արընչը արարողությանը չեն մասնակցել:
Մայիսի 21-ին կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ Էրդողանը կրկին կզբաղեցնի կուսակցության ղեկավարի պաշտոնը: Էրդողանը 2014 թվականի օգոստոսի 10-ին նախագահ ընտրվելուց հետո օգոստոսի 27-ին «Արդարություն և զարգացում» կուսակցության կազմակերպած արտահերթ համագումարի ժամանակ կուսակցության նախագահությունը հանձնել էր Ահմեդ Դավութօղլուին` հեռանալով կուսակցությունից:
Թուրքիայի նախկին սահմանադրությամբ երկրի նախագահի կուսակցական պատկանելիությունն արգելվում էր: Սակայն ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեով ամրագրված փոփոխությունները թույլ են տալիս նախագահին լինել կուսակցական:
Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2019 թվականից, սակայն երեք հոդված, որոնց շարքում է նաև նախագահի կուսակցական պատկանելության թույլատրումը, ուժի մեջ կմտնի նախքան 2019 թվականը: