«Ռուսաստանն է փրկելու Հայաստանին». կոմունիստները երթով նշեցին Մայիսի 1-ը
Հայաստանի կոմունիստական կուսակցությունն այսօր քայլերթով տոնեց Մայիսի 1-ը։ Լենինյան շրջկոմի առաջին քարտուղար Յուրի Գասպարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Մայիսի 1-ն իրենց համար Միջազգային համերաշխության տոնն է. «Մեր բոլոր կուսակցությունները պետք է համերաշխ լինեն, համագործակցեն, ստեղծեն նոր ստեղծարար մի ուժ, որը կտա արդյունաբերություն, գյուղատնտեսություն, ուսման մեջ առաջընթաց, և վերջապես մեր ծանր այս վիճակից կարելի է այդպես դուրս գալ»։
ԳԱԱ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իրինա Հովակիմյանը նշեց, որ հաճույքով է դուրս եկել հանդեսին. «Սրանով մենք հիշեցինք մեր մանկությունը, մեր երիտասարդությունը, և դա թև ու թիկունք կտա ներկայիս երիտասարդությանն ու մեր հասակակիցներին՝ վերհիշելու նախկին գեղեցիկ օրերը»։
Լենինյան ռայկոմի երրորդ քարտուղար Սպարտակ Գրիգորյանը քայլերթին մասնակցում էր փոքրիկ թոռան հետ։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ թոռնիկին սովորեցնելու է միշտ պայքարել «այս իշխանավորների դեմ և ստեղծել սոցիալիստական հասարակարգ»։
«Սա բանվոր դասակարգի տոն կարելի է համարել, որովհետև սոցիալիզմի ժամանակ ժողովուրդն այս տոնը շատ բարձր մակարդակով էր տոնում։ Ներկայումս պետք է իշխանավորները տոնեին, բայց նրանք չեն ուզում մասնակցել, որովհետև իրենց համար ամոթ է։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը Ռուսաստանի հետ սերտ կապի մեջ լինի, և Ռուսաստանն է փրկելու Հայաստանին»,- ասաց մեր զրուցակիցը։
Ինչպես ինքն է նշում՝ գիտնական, բանաստեղծուհի, բայց հավաքարարուհի Անահիտ Ասլանյանի համար Մայիսի 1-ը գարնան տոն է, աշխատանքային տոն է. «Բոլոր երիտասարդներին խորհուրդ եմ տալիս՝ համակարգիչները, հեռախոսները դնել մի կողմ և անցնել միայն ընդհանուր աշխատանքի. այգի տնկել, հող մշակել, և դա նրանց աշխատանքային մկան կտա»։
Երթի ավարտին մասնակիցներին անվճար պաղպաղակ և բուլկի հյուրասիրեցին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում