Թուրքիայի քրդամետ կուսակցության առաջնորդին սպառնում է 43-142 տարվա ազատազրկում
Թուրքիայում գործող քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ազատազրկված առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը ընդունվել է: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը:
Դիարբեքիրի 8րդ ծանր հանցագործությունների դատարանը ստացել է Դեմիրթաշի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը, որի համաձայն` կուսակցության առաջնորդին սպառնում է 43-ից 142 տարվա ազատազրկում:
Դեմիրթաշի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը կազմվել է Դիարբեքիրի գլխավոր դատախազության կողմից: Նա մեղադրվում է Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) կողմից իրականացվող ահաբեկչական գործողությունների կազմակերպմանը մասնակցություն ունենալու, ահաբեկչության քարոզչություն իրականացնելու, հանցագործության դրդելու, հասարակական կարգը խախտելու, հասարակության մեջ ատելություն և թշնամանք հրահրելու և այլ մեղադրանքներով: