Այս տարի «Արի տունը» կհյուրընկալի մինչև 1000 սփյուռքահայ երիտասարդի
Այս տարի «Արի տուն» ծրագրով ակնկալվում է մինչև 1000 սփյուռքահայ երիտասարդի այցելություն Հայաստան։ Նրանք նախ կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում, ապա՝ իրենց հասակակիցների հետ կմասնակցեն «Արի տուն» ճամբարին:
2009 թվականից սկսված ծրագրի իրականացման աշխատանքները համակարգելու և պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով կստեղծվի ծրագրի իրականացման միջգերատեսչական համակարգող հանձնաժողով և աշխատանքային խումբ, կներգրավվեն երիտասարդ կամավորներ:
Կառավարության փետրվարի 2-ի նիստում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կներկայացնի սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2017 թվականի ծրագիրը և միջոցառումների ցանկը։
Անցած տարի «Արի տուն» ծրագրին 8 փուլով մասնակցել է շուրջ 900 սփյուռքահայ երիտասարդ աշխարհի 38 երկրից: Նրանց համար կազմակերպվել են ուսուցողական ծրագրեր, հայրենագիտության ինտերակտիվ դասընթացներ` հանրապետության հմուտ մանկավարժների կողմից, հայկական պարերի դասընթացներ, մշակութային ծրագրեր` այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, մասնակցություն մի շարք համահայկական ծրագրերի, ճանաչողական հանդիպում-այցելություններ` ՀՀ պետական բուհերում, զորամասերում, գիտության, մշակույթի, սպորտի հայտնի անհատների հետ, hրաժեշտի միջոցառումներ, որոնց ժամանակ ծրագրի մասնակիցները հանդիպել են ՀՀ պաշտոնատար այրերի հետ:
«Արի տուն» ծրագրի բոլոր մասնակիցներին տրվել են հավաստագրեր` ծրագրին մասնակցելու համար, «Արի տուն» տարբերանշանով շապիկ, գլխարկ, ինչպես նաև գրքեր և հուշանվերներ:
««Արի տուն» ծրագրի շարունակական իրականացման արդյունքում ձևավորվելու է սեփական արմատներին տեղեկացված հպարտ հայ սերունդ: Այսպիսով, «Արի տուն» 2017թ. ծրագրի իրականացումն ունի սփյուռքահայ երիտասարդներին Հայրենիքի հետ կապելու, հայապահպանությանն ուղղված կարևոր առաքելություն»,- համոզված են ծրագրի հեղինակները։