ԱՄՆ ներգաղթի սահմանափակումն ուղղված չէ մուսուլմանների դեմ. Թրամփ
ԱՄՆ-ում ներգաղթի վերահսկողության խստացման նոր միջոցառումները, հակառակ ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդումների, արտասահմանից երկիր մուսուլմանների ժամանման արգելք չէ:
Այս հավաստիացմամբ հունվարի 29-ին հանդես է եկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Ինչպես ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության՝ Թրամփի անունից տարածված հայտարարության մեջ, «Ամերիկան ներգաղթյալների հպարտ ազգ է եւ կշարունակի կարեկցանք դրսեւորել նրանց նկատմամբ, ովքեր փախչում են ճնշումից»: «Բայց մենք դա անելու ենք՝ պաշտպանելով սեփական քաղաքացիներին ու սահմանները»,- ընդգծել է քաղաքական գործիչը:
90-օրյա ժամկետով Միացյալ Նահանգներ Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիների մուտքի նոր արգելքը վերաբերում Է այն յոթ երկրներին, որոնք «ահաբեկչության աղբյուր» էին համարվել ամերիկյան նախորդ վարչակազմի կողմից, հիշեցրել է Թրամփը:
Ինչպես նա նշել է, «խոսքը ԱՄՆ մուսուլմանների մուտքի արգելման մասին չէ»: «Բանը կրոնը չէ, այլ ահաբեկչությունը, այն, որ ապահովվի մեր երկրի անվտանգությունը»,- հավելել Է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: