«Սերժ Սարգսյանին ինչ-որ մի տեղ նաև անհրաժեշտ է Հովիկ Աբրահամյանի խաղը». Ստեփան Սաֆարյան

«ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տեքստը Կարեն Կարապետյանի դեմ է ուղղված»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանն ասում է՝ «դուք՝ դուք էիք, քանի մայր գետում էիք, եթե գետից առանձնանաք, ապա չորանալու եք, սպառվելու եք, մաշվեք և գնաք».

«Սերժ Սարգսյանը մի բան լավ գիտի, որը, թվում է, թե Հովիկ Աբրահամյանը չգիտի, որ պետական համակարգից դուրս մղված պաշտոնյաները երբեք հետ չեն վերադառնում, դա է վերջին 20 քանի տարիների մեր քաղաքական կյանքի պատմությունը, ոչ մի նախկին արտգործնախարար, վարչապետ, բոլորն ուղղակի հեռացել են, սա քաղաքական դաշտի տրամաբանությունն է։ Ոմանք փորձում են դրա տակ տեսնել նաև որոշակի նախազգուշացում՝ «առավակները չորացնելու» վերաբերյալ, հատկապես, երբ, կարծես թե, Հովիկ Աբրահամյանը լավ չէր հասկացել ուղերձը և ստատուսով փորձեց արձագանքել, իսկ Շարմազանովն ու Աշոտյանն էլ նրան նրբորեն հասկացրեցին, որ ինքնաբուխ չորանալու մասին չէ խոսքը, այլ չորացնելու մասին է նաև»։

Ըստ մեր զրուցակցի՝ Հովիկ Աբրահամյանը չափազանց տեսանելի դարձրեց, թե  ինչից է դժգոհ։

Ս. Սաֆարյանի դիտարկմամբ՝ Հ. Աբրահամյանը դժգոհ է իրեն վարչապետի պաշտոնից հանելու կապակցությամբ, դժգոհ  է իր փոխարեն Կարեն Կարապետյանին բերելու համար, ակնարկում է, որ տեխնոլոգիական գործարանային կեղտաջրեր են խառնվում մաքուր, զուլալ առվակներին, և այլն, իսկ այն մարդը, որ վերջերս իր հոսանքով, իր «8000 գազավիկներով» միացավ մայր գետին, Կարեն Կարապետյանն էր, ու նա զբաղեցրեց Հովիկ Աբրահամյանի կարգավիճակը ոչ միայն՝ կառավարությունում, այլև՝ կուսակցությունում։

«Մի կողմից՝ Հովիկ Աբրահամյանը, կարծես թե, անելիք չուներ ՀՀԿ-ի ներսում, որովհետև նրան այլևս ավելի բարձր կարգավիճակ չէր տրվի, քան վարչապետն էր, դա առավելագույնն է, որ նա ստացավ։ Հիմա, Հովիկ Աբրահամյանը, եթե մնար ՀՀԿ-ի ներսում, նա ոչինչ ավելի բարձր չէր ստանում, բնականաբար, չէր գնա Կարեն Կարապետյանի ենթակայության տակ փոխվարչապետ կամ նախարար աշխատելու, բայց նաև նրան չէր տրվի դրանից ավելի բարձր պաշտոն, որովհետև և՛ քաղաքական դաշտի հետ կապված ֆունկցիա չէր լուծում, նաև փաստացի ասոցիացվում էր տապալված կառավարության հետ։ Այս կտրվածքով՝ իր միակ ելքը մնում էր դուրս գալը, այլապես իր դիրքերը թուլանում էին։ Կարեն Կարապետյանն արդեն, հնարավոր է՝ նոր հենարան, խմբավորում ստեղծեր իր շուրջ ՀՀԿ-ի ներսում, բնականաբար, նա ավելի էր թուլանալու ժամանակի ընթացքում, ու որոշեց և՛ չթուլանալ, և՛ նաև մտածել իր ամբիցիաները բավարարելու մասին»,- նշեց Ս. Սաֆարյանը։

Ս. Սաֆարյանի դիտարկմամբ՝ Հ. Աբրահամյանի քաղաքական ապագան մնում է չափազանց անորոշ, քանի որ նման գործիչները Հայաստանի քաղաքական պատմության մեջ չեն կարողացել վերադառնալ, առավել ևս, երբ ինքը շատ հստակ ընդգծված հանրայնորեն ընդունելի կերպար չէ.

«Հովիկ Աբրահամյանն էլ հիշեցնում է, որ գետը կար, որովհետև ինքնամոռաց առվակները կային։ Նա էլ ասում է՝ ՀՀԿ-ն կա, որովհետև մենք կայինք։ Հովիկ Աբրահամյանն այստեղ էլ սխալվում է, որովհետև ՀՀԿ-ից դուրս ինքն այլ մարդ էր, ՀՀԿ-ի ներսում՝ այլ մարդ էր։ Եթե ՀՀԿ-ի ներսում իր տրամադրության տակ էին բոլոր ռեսուրսներն աշխատացնելու համար, և ինքն ուներ այդ տաղանդը դրանք ծառայեցնելու ընտրական շրջանում, այնուամենայնիվ, ինքը կարծես դեռ չի պատկերացնում, որ ՀՀԿ-ից դուրս ինքն այդ նույն մարդը չէր։ Պատահական չէ, որ և՛ նրա հարազատներին աշխատանքից ազատելու միջոցով, և՛ նրա մտերիմ գյուղապետերին զրույցների  հրավիրելու միջոցով ուղղակի նրան հասկացնում են, որ նա չպետք է շատ հեռուն գնա, կամ, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում, չպետք է որպես առվակ՝ հեռվում դեգերի, այլապես կչորանա»։

Մեր զրուցակիցը կարծում է՝ Սերժ Սարգսյանն այնքան լավ գիտի իր ենթակայության տակ աշխատած մարդկանց, որ անկախ նրանից՝ նրանց միջև պայմանավորվածություն կա՞, թե՞ չկա ՀՀԿ-ից դուրս գալու մասին, այնուամենայնիվ, նա լավ հաշվարկել է Հովիկ Աբրահամյանի վազքի հնարավոր երկարությունն ընդդիմադիր դաշտում։ Ըստ Ս. Սաֆարյանի՝ Սերժ Սարգսյանին ինչ-որ չափով նույնիսկ պետք է այդպիսի կառավարելի և կանխատեսելի  վազքով որևէ մեկի կամ մարդկանց առակայությունը քաղաքական դաշտում, ովքեր մի կողմից՝ կվերահսկեն ընդդիմադիր դաշտը, մյուս կողմից՝ կլինեն վերահսկելի։

«Ինչո՞ւ է պետք Սերժ Սարգսյանին Հովիկ Աբրահամյանը, որովհետև, մյուս կողմից էլ՝ Սերժ Սարգսյանը չի ցանկանա, որ Կարեն Կարապետյանը դառնա ՀՀԿ-ում ամենաազդեցիկ ֆիգուրը, և իրեն պետք է իր համար ցանկալի, ինչ-որ մի տեղ՝ նաև անհրաժեշտ է Հովիկ Աբրահամյանի խաղը, ով նեղացած է Կարեն Կարապետյանի դեմ, բնականաբար, անմիջականորեն Սերժ Սարգսյանին թիրախում չի վերցրել, և մենք դա տեսանք բառացիորեն իր պատասխանից։ Այդ պատասխանում նա չի ասում՝ դու սխալ ես, նա ասում է՝ դու ճիշտ ես այդ փոխաբերությունն ասում, բայց այդ փոխաբերության մեջ ասածդ, որ առվակները կչորանան, այդքան առվակների խնդիրը չէ, որքան այն, որ կեղտաջրերը կպղտորեն գետը։ Այսինքն՝ տեքստը Կարեն Կարապետյանի դեմ է ուղղված։ Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանին նաև պետք է այդ հակակշիռները դաշտում»,- նկատեց քաղաքագետը։

Մեր այն հարցին, թե այս վերջին գործընթացները՝ տարբեր առանցքային դեմքերի իշխանությունից դուրս գալը, ինչպե՞ս կազդի ՀՀԿ-ի վարկանիշի վրա՝ Ս. Սաֆարյանը պատասխանեց, որ միայն դրական առումով կազդի, որովհետև, նրա խոսքով, Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ոչինչ չարեց, դա «օլիգարխների կառավարություն էր, այդ իմիջը նստեց նրանց վրա հենց առաջին օրվանից»։

Ըստ Ս. Սաֆարյանի՝ Սերժ Սարգսյանը հիմա ցույց է տալիս, որ՝ «տեսեք, ես օլիգարխներին ճանապարհում եմ, կուսակցությունը մաքրում եմ».

«Միգուցե, ռեսուրսային առումով՝ թուլանում է կուսակցությունը, որովհետև բոլոր դեպքերում Հովիկ Աբրահամյանը վերջին մարդը չէր, բայց իմիջային առումով՝ հակառակը, այն տպավորությունն է, որ Կարեն Կարապետյանի գալուց հետո, նրա հետ միասին, Սերժ Սարգսյանը ձեռնամուխ են եղել ՀՀԿ-ն մաքրելու գործին։ Միայն մի քանի միամիտ մարդիկ կարող են մտածել, որ ՀՀԿ-ն փլուզվում է, բայց վերջին շրջանում  ովքեր դուրս եկան ՀՀԿ-ից, ակնհայտորեն դուրս են եկել նեղացածության պատճառով, որ իրենց ամբիցիաները չեն բավարարվել, հասարակության մեջ նրանք տպավորվում են՝ բացառապես իրենց անձնական շահը հետապնդող մարդիկ։ Մենք այս ընտրություններում կունենանք բավականին օդիոզ ֆիգուրներ, որոնք չեն լինի, նրանք շատ չեն, դրանով ՀՀԿ-ն չի մաքրվում, և չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը նման խնդիր է դրել իր առաջ, բայց, ակնհայտորեն, Ռուբեն Հայրապետյանի անունը չի լինի ՀՀԿ ցուցակներում, Մհեր Սեդրակյանի անունը չի լինի, ապրիլյան պատերազմի պատասխանատվությունը կրող Սեյրան Օհանյանի անունը չի լինի։  Այս կտրվածքով՝ նույնիսկ դրական կազդի»։

Ս. Սաֆարյանը նաև նկատեց, որ ընդդիմադիր դաշտն այն վիճակում չէ, որ Սերժ Սարգսյանը դրանից լուրջ անհանգստանա.

«Սերժ Սարգսյանն անհանգստացավ ամռանը, երբ դաշտում վակուում էր, և կարող էին շատ արմատական, ռադիկալ խմբեր ուղղակի շատ մեծ էֆեկտ բերել մի գործողության, բայց այս պահին արդեն դաշտը լցված է այնպիսի մարդկանցով և այնպիսի կերպարներով, որոնք վերին աստիճանի զգուշավոր են նախկին դասերի պատճառով, կանխատեսելի են Սերժ Սարգսյանի համար, հետևաբար՝ նրանց խաղի տարածությունն այնքան մեծ չէ, որ Սերժ Սարգսյանը վախենա»։

Տեսանյութեր

Լրահոս