Կառավարությունը գնում է հայաստանյան կոշիկ և հագուստ արտադրող ձեռնարկությունների զարգացման ուղղությամբ
ՀՀ կառավարությանն հավանությանն արժանացած «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում` արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի երկրորդ փուլի իրականացման արդյունքում կբարձրանա թեթև արդյունաբերության մրցունակությունը: Այդ մասին գործադիրի նիստում հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Ծրագրի առաջին փուլի նպատակն էր զարգացնել նորաձև արտադրանքի ամբողջական մի շղթա` իր մեջ ներառելով շուկայի ժամանակակից միտումները և հայկական ու համաշխարհային նորաձևության ավանդույթները: Կարայանի խոսքով` դրա շրջանակում ստեղծվել են տեխնիկական տեղական կարողություններ՝ ՓՄՁ-ների զարգացմանը և արդիականացմանն աջակցելու ու հայկական տեքստիլի և հագուստի արտադրանքը որպես որակյալ դիզայներական ապրանք ներկայացնելու նպատակով:
«Ծրագրի երկրորդ փուլն իր աշխատանքները կուղղի վերականգնելու հայաստանյան կոշիկ և հագուստ արտադրող ձեռնարկությունների միջև արդյունաբերական կապերը տարածաշրջանային արժեշղթաներում՝ խթանելով ոլորտների արդյունավետությունը և մրցունակությունը, գործարար ու ինստիտուցիոնալ համագործակցությունը տեղական կոշիկ և հագուստ արտադրողների, արտահանողների և նրանց ասոցիացիաների միջև: Արդյունքում տեքստիլ/հագուստ և կոշիկի/կաշվե ոլորտներում գործող ՓՄՁ-ները կարդիականացնեն իրենց բիզնեսները, կընդլայնեն արտադրությունը, կբարձրացնեն որակը և շուկա մուտք գործելու հնարավորություն կունենան ազգային տեխնիկական փորձագետների աջակցությամբ»,- ասաց Կարայանը:
Ի պատասխան վարչապետ Կարեն Կարապետյանի հարցին՝ նախարարը նշեց, որ ծրագրի իրականացման արդյունքում կբարձրանա թեթև արդյունաբերության մրցունակությունը: «Քայլեր ենք իրականացնելու այդ ճյուղի զարգացման ուղղությամբ. կստեղծվեն կենտրոններ, կմշակվի ու կներկայացվի ծրագիր, թե ինչ միջոցառումներ պետք է իրականացնենք, որպեսզի արտահանման ներուժ ունեցող այս ոլորտում արտադրանքի մրցունակությունը բարձրացվի»,- ընդգծեց նախարարը:
Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե արդյոք ծրագիրը բիզնես միջավայրի հետ քննարկումների արդյունքում է ձևավորվել: Կարայանը տեղեկացրեց, որ այն ոչ միայն քննարկվել է մասնավոր հատվածի հետ, այլև ծրագրով նախատեսվում է ստեղծել համակարգող խորհուրդ, որում կընդգրկվեն ինչպես պետական մարմինների, այնպես էլ ոլորտը ներկայացնող ՀԿ-ների ներկայացուցիչները: