Բաժիններ՝

Նկարիչ Զաքար Խաչատրյանի քաղաքացիական հրաժեշտը տեղի կունենա Նկարիչների միության շենքում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ստեղծվել է Զաքար Խաչատրյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով, որից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ Զաքար Խաչատրյանի քաղաքացիական հրաժեշտը տեղի կունենա հունվարի 27­-ին, ժամը 12:00-­14:00­-ն, Հայաստանի նկարիչների միության շենքում: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

92 տարեկանում իր մահկանացուն կնքեց հայ կերպարվեստի երևելի դեմքերից մեկը՝ Հայաստանի ժողովրդական և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր Զաքար Ավագի Խաչատրյանը:

Զաքար Խաչատրյանը ծնվել է 1924 թվականին Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղում: Նկարիչը դեռ չէր հասցրել դպրոցն ավարտել, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Նա մեկնեց ռազմաճակատ: Պատերազմի ավարտից հետո վերադառնալով հայրենիք 1946­-ին ընդունվում է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան և ավարտում 1948 թվականին: Շնորհաշատ երիտասարդն արդեն 1950 թվականին Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայի ուսանող էր, որը գերազանցությամբ ավարտեց 1956 թվականին: 1959­-1962 թթ. աշխատել է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս Ալեքսանդր Գերասիմովի արվեստանոցում: 1962 թվականին վերադառնալով հայրենիք նա ակտիվ մասնակցություն է ունենում հանրապետության մշակութային­հասարակական կյանքին: Մասնակցում հանրապետական ու համամիութենական ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներ ունենում Պետերբուրգում, Ժնևում, Մոսկվայում, Երևանում, Էջմիածնում, արժանանում` մրցանակների ու դիպլոմների:

Նրա պրոֆեսիոնալ բարձր մակարդակով կատարված սքանչելի կտավները աչքի են ընկնում գաղափարական նպատակաուղղվածությամբ, որոնք արտացոլում են մեր կյանքն ու իրականությունը ժամանակի մեջ:

1970-­1992 թվականներին, այնուհետև` 2012­-ից մինչ կյանքի վերջը դասավանդել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, 1981-­1994 թթ. ղեկավարել է գծանկարի ամբիոնը՝ իր ողջ գիտելիքներն ու հմտությունները հաղորդելով ապագա մանկավարժների երիտասարդ սերնդին:

Զաքար Խաչատրյանը՝ Սիսիան քաղաքի պատվավոր քաղաքացի էր, Սանկտ-­Պետերբուրգի վետերանների խորհրդի նախագահը:

Հայրենասերի, իսկական քաղաքացու և մեծաշնորհ արվեստագետի հիշատակը վառ կմնա մտերիմների և գործընկերների սրտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս