«ԵԱՏՄ-ի տրամաբանությունը Հայաստանի համար հասկանալի է». Կարեն Կարապետյան
Եվրասիական տնտեսական միության տրամաբանությունը Հայաստանի համար հասկանալի է և պրագմատիկ: Ռուսական «Միր -24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Մենք դառնում ենք «հնգյակի անդամ», որն ունի 180-միլիոնանոց շուկա: Եվ ներքին առաջադրանք ունենք. եթե մենք հաջողակ չլինենք, ապա դրա պատճառը կլինի ոչ թե ակումբի անկարողությունը, այլ այն, որ մենք լավ չենք աշխատել: Իսկ ներուժն այնտեղ բավականին մեծ է: Մենք ցանկանում ենք համառորեն աշխատել»,- ասել է Կարապետյանը:
Հարցին, թե ինչպիսին է լինելու հետագա գործընկերությունը ոչ միայն ԵԱՏՄ-ի, այլև ԱՊՀ-ի շրջանակում, վարչապետը պատասխանել է. «Ես սրան այսպես եմ վերաբերվում. ցանկացած հարթակ, որը կարող է ակումբի անդամներին կամ հարթակի մասնակիցներին թույլ տալ պայմանավորվել և ինչ-որ հարց լուծել իրենց երկրների համար, հարկավոր է օգտագործել: Մենք այդ հարթակը նույնպես կօգտագործենք»: